2015թ. դեկտեմբերին Լոնդոնի «Հայկական օպերան» բեմադրեց Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան: Հրավիրված էին նաեւ հայաստանցի օպերային երգիչներ: «Առավոտը» հանդիպեց հիշյալ օպերայում իշխան Ստեփանոս Շահումյանի դերերգով հանդես եկած երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանի հետ, որը դեռեւս ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Մեր զրուցակիցը նշեց, որ Լոնդոնի հայկական օպերայի հիմնադրման ակունքներում (2011թ.) ճանաչված բաս-բարիտոն Արիս Նադիրյանն է: «Դավիթ Բեկից» առաջ այդ օպերայում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշը»: «Արիս Նադիրյանը հանդես եկավ Դավիթ Բեկի դերերգով, անգլիաբնակ երգչուհիներ՝ մեցցո սոպրանո Անաիս Էգոյանը մարմնավորեց Թամարի, սոպրանո Թերեզա Գեւորգյանը՝ Շուշանի կերպարները: Հայաստանից հրավիրված էին տենոր Վահե Բեգոյանը (Սանթուր), բաս Արմեն Գրիգորյանը (Պարսից խան), բարիտոն Գրիշա Աբրահամյանը (Մելիք): Բեմադրության ռեժիսորն էր հայկական արմատներով Սեդա Ուայթը, դիրիժորը՝ Լեւոն Բարիկյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ «Դավիթ Բեկի» երկու ներկայացումները կայացել են Լոնդոնի հեղինակավոր Բենջամին Բրիտենի անվան թատրոնում եւ ներկայացմանը անդրադարձել են ոչ միայն տեղի հայկական, այլեւ բրիտանական որոշ պարբերականներ:
Ռեպլիկին, թե փաստորեն Երեւանի օպերային թատրոնում դեռեւս հանդես չեկած երգիչը «մկրտվել» է լոնդոնյան օպերային բեմում, Տիգրան Օհանյանը նախ նշեց, թե 17 տարեկանում շուրջ 1 տարի հանդես է եկել երեւանյան «Անուշում»՝ Անցորդի դերերգով: Հետո էլ հայտնեց հետեւյալը. «Վերջերս հեղինակավոր թատրոնների օրինակով մեր թատրոնում Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւս հիմնվեց երիտասարդական ծրագիր (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), որտեղ ընդգրկվեցին երիտասարդ երգիչներ, այդ թվում նաեւ ես: Ծրագիրն արդեն ձեռնամուխ է եղել երկու օպերաների՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» եւ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» աշխատանքներին: Իմիջիայլոց, մինչ այս ծրագրի հիմնելը թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն ու Լեւոն Ջավադյանը մեր կոնսերվատորիայում անցկացրել են լսումներ: Նշեմ նաեւ, որ ծրագրին հրավիրված է իմ դասախոսը՝ պրոֆեսոր Մարտիրոսյանը իբրեւ խորհրդատու»:
Դեռեւս լայն լսարանին ոչ այնքան հայտնի երգչին խնդրեցինք ներկայացնել իր թեկուզ եւ կարճատեւ բեմական գործունեությունը:
Կարդացեք նաև
Պարզվեց, որ Տիգրան Օհանյանը դեռեւս կոնսերվատորիայի առաջին կուրսից (սովորել է ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում) տարբեր տարիների հանդես է եկել Երեւանի, Ռիգայի օպերային թատրոնների նվագախմբերի, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական նվագախմբի հետ, մասնակցել է երիտասարդ երգիչների հայաստանյան մրցույթներին, այդ թվում՝ Գյումրիում «Վերածնունդ», Երեւանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, արժանանալով դափնիների: 2012թ. Ամստերդամում կայացած Դելփյան խաղերում 3-րդ մրցանակ է շահել, ավելի ուշ՝ 2013թ. Սանկտ Պետերբուրգում կայացած երիտասարդ օպերային երգիչների մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման, իսկ անցյալ տարի Ռիգայում անցկացվող կոմպոզիտոր Յազեպս Վիտոսի անվան միջազգային մրցույթում ճանաչվել է «հեռանկարային տենոր»: Տիգրան Օհանյանը հավաստիացրեց, որ կարեւորում է վարպետության դասերը: Նրա ձեւակերպմամբ, այդ առումով բախտը բերել է. «2013թ. Սանկտ Պետերբուրգում դասերի եմ հաճախել հայտնի սոպրանո Դայանա Զոլայի մոտ, որի միջնորդությամբ էլ հաջորդեց մասնակցությունս 2014թ. Հյուսթոնի «Գրանդ օպերայում» անցկացվող «Yava» երիտասարդ երգիչների 7-օրյա ծրագրին, որտեղ դասեր վերցրի օպերային արվեստի հետ կապված տարբեր ճանաչված մասնագետներից, այդ թվում ռեժիսորներից, դիրիժորներից… (Ի դեպ, Դայանա Զոլան «Գրանդ օպերայի» ստուդիայի արտիստիկ տնօրենն է): Մասնակցեցի ամերիկացի հայտնի քոչ (վոկալ արվեստում խորացած կոնցերտմայստեր) Ստեֆան Քինգի կողմից անցկացվող դասերին: Երեւանում 2014թ. մեր օպերային թատրոնում էլ մասնակցել եմ Մոնսերատ Կաբալիեի անցկացրած դասերին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.01.2016
Թերեզա ԳԵՒՈՐԳՅԱՆ, ոչ թե Գրիգորյան, Սանթուրը մարդու անուն է այս դեպքում, հետևաբար մեծատառով… Նաև պետք է հավելել Անդրանիկ Մալխասյանի (կաթողիկոս) և Արամայիս Ալմաստյանի (Վաղթանգ թագավոր) անունները !!!