Դատապարտված չենք հավերժ մտածել ռուսական շահի մասին`
երկրորդ պլան մղելով Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահը
Անցյալ տարի նոյեմբերին Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ բաժնի ղեկավար Գունար Վիգանդը Երեւանում մասնակցում էր Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին: Այդ օրը նա մի ուշագրավ միտք արտահայտեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, որովհետեւ Հայաստանը խորհրդակցություններ է անցկացնում Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ: Նույնը արել է Ղազախստանը, որի հետ մենք բանակցում ենք համաձայնագիր կնքելու նպատակով: Բնական է, որ երկրները պարտավոր են հաշվի առնել այն հանձնառությունները, որոնք արդեն ստանձնել են: Մենք կա՛մ-կա՛մ իրավիճակում չենք»:
Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը աշնանը լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակային համաձայնագրի շուրջ: Բանակցություններն արդեն իսկ մեկնարկել են:
Անցյալ շաբաթ Ստրասբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեցին եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: Քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմաների շուրջ:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի եզրափակիչ փաստաթղթում ողջունվել է 2015թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը: Փաստաթղթում վկայակոչել են Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը` հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը:
Կարդացեք նաև
Ակնկալվում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Փաստաթղթում նաեւ նշվել էր, թե տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված ԵՄ-ի օժանդակությունը ծառայել է իր նպատակին, ապա ողջունվել էր 2015թ. դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման եւ ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը:
Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակի ապահովումը ենթադրում է մի ամբողջ շարունակական գործընթաց: Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունները որքանով են անկեղծ` ԵՄ-ի պահանջները Հայաստանում կիրառելու եւ գործնականում մեր պետությունն այնպիսին դարձնելու հարցում, ինչը ենթադրում են եվրոպական համամարդկային արժեքները:
Սա պետք է իրագործել գիտակցմամբ, որ ԵՄ-ի հետ Հայաստանի կապը հետեւողական գործընթաց է, որից կօգտվի երկրի տնտեսությունն ինչ-որ չափով, Հայաստանում մարդու իրավունքների եւ հումանիտար ոլորտում կամրապնդվեն եվրոպական չափորոշիչներ, այլ ոչ թե ակնկալիքով, թե որքան ֆինանսական աջակցություն ենք ստանալու ԵՄ-ից:
Այսօր կրկին Ռուսաստանի կողմից Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ընդունմանը խոչընդոտելու մասին տեսակետներ են հնչում: Խոսակցությունները առավել ինտենսիվացան այն բանից հետո, երբ հունվարի 20-ից Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ կաթնամթերքի, մսի ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը մտցրել էր գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»` Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված իրավիճակի պատճառաբանությամբ։
Պարզ է, որ «Ռոսսելխոզնադզորը» վաղուց ռուսական քաղաքական մահակ է, այն պարբերաբար ՌԴ իշխանություններին դուր չեկող որեւէ երեւույթի դեպքում գործի են դնում որպես «պատժիչ գործողությունների» մի գործիք այս կամ այն երկրի դեմ:
Բայց Հայաստանը հեռանկար չունի, եթե անվերջ շարունակի հարց բարձրացնել, թե մեր պետության շահերից բխող որեւէ քայլ ինչպե՞ս կընկալվի ու կընդունվի Ռուսաստանի իշխանությունների կողմից… Սա պատային իրավիճակ է, որում հայտնվել ենք, իհարկե, նաեւ մեր մեղքով, բայց նույնիսկ այս վիճակում մենք դատապարտված չենք հավերժ մտածել ռուսական շահի մասին` երկրորդ պլան մղելով Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահը:
ՀՀ իշխանավորները, քաղաքական վերնախավը պետք է ընտելանան Մոսկվայի հետ բանակցելիս, պայմանավորվելիս չբարդույթավորվել: Հակառակ դեպքում մենք զարգացման հեռանկար չենք ունենա: Ռուսաստանը արգելակող, խոչընդոտող պետություն է լինելու մեզ համար այնքան ժամանակ, որքան ժամանակ դա մենք թույլ տանք մեր թուլությամբ ու ընկալենք Ռուսաստանին որպես այդպիսին:
Այո՛, այսօրվա Ռուսաստանը կայսերապաշտական մոտեցումներով առաջնորդվող Ռուսաստան է, բայց նույնիսկ դա հիմք չէ, որպեսզի ռուսական կողմի հետ խոսելիս մեր պետության բանակցողները ավելորդ բարդույթավորվեն ու ընկճվեն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.01.2016