Իրավապաշտպան Արթուր Սաքունցը լուրջ բացահայտումների է սպասում ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ այդ գումարները նպատակային չեն օգտագործվել և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։
«Դա նորմալ է, բնականաբար, պետք են ստուգումները: Ֆինանսավորողի պարտավորությունն է ստուգել ֆինանսական միջոցների արդյունավետությունը: Այ, որ նման լուրջ աուդիտներ իրականացվեն բոլոր ծրագրերում, միանգամայն համաձայն կլինեմ»,- կարծիք հայտնեց Արթուր Սաքունցը:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ուսումնասիրություններ կատարվել, գրանտակե՞ր են փորձում գտնել Հայաստանում, պարոն Սաքունցն ասաց. «ԵՄ պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից է ուսումնասիրություն կատարվել ու նյութերն իրենք են ուղարկել քննչական կոմիտե, չկա գրանտակեր գտնելու կոնտեքստը: Իրենց ֆինանսական քաղաքականության պահանջներից ելնելով են երեւի ստուգումներ արել: Ոչ առեւտրային կազմակերպություն է, առայժմ չեն կոնկրետացնում հասարակակա՞ն կազմակերպություն է, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
Տարիներ առաջ «Հազարամյակի մարտահրավերների» դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ մի քանի քրեական գործեր հարուցվեցին, «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում հատկացվող գումարների ոչ նպատակային օգտագործման հետ կապված, բայց այն ժամանակ գործընթացը մեծ արձագանք չստացավ: Սպասենք, տեսնենք, թե ինչ կառույց է իրենից ներկայացնում այդ առեւտրային կազմակերպությունը եւ ինչու են մինչեւ հիմա նախաքննության գաղտնիությունից ելնելով գաղտնի պահում կառույցի անունը: Ես որեւէ վարկած այս պահին չունեմ, բայց հարցն այնքան է լուրջ, որ ԵՄ պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժինն է հարկ համարել այդ հարցին ընթացք տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ