«ԵԽԽՎ-ի երկու բանաձեւերին էլ անդրադարձ եղել է: Քննարկում եղել է: Պետք է նշեմ, որ երկու բանաձեւերն էլ հայանպաստ չէին, բայց հիմնական ադրբեջանամետ եւ վտանգ պարունակող բանաձեւը դա Ուոլթերինն էր: Այն իր մեջ պարունակում էր լուրջ վտանգներ»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, այս մասին լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա Ուոլթերի զեկույցը գնահատում է որպես փորձ Ադրբեջանի կողմից այլ, զուգահեռ հարթակներում քննարկել ղարաբաղյան հիմնահարցը, որն անթույլատրելի էր. «Եվ այդ իմաստով 70 դեմ 66 կողմով այդ նախաձեռնության կասեցումը շատ կարեւոր է եւ հաջողություն է մեր դիվանագիտության համար»:
Դառնալով Միլիցա Մարկովիչի զեկույցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա չարյաց փոքրագույնն էր: Նա չի կիսում այն մոտեցումները, թե այս զեկույցը թղթի կտոր է, կամ էլ լուրջ վտանգ է պարունակում: «Ես ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ համամիտ չեմ: Սա թղթի կտոր չէ, որովհետեւ ԵԽԽՎ-ն լուրջ կառույց է, բայց մյուս կողմից էլ սա չի կարող ունենալ պարտադիր որեւէ ուժ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքի ընթացքում, վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը:
Կարդացեք նաև
Խոսելով այս նախաձեռնության մասին՝ Շարմազանովն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Ֆրանսիայում նման օրենքի նախագիծ է մշակվում, բայց այս անգամ կարեւորն այն է, որ Ֆրանսիայի նախագահն է նախաձեռնողը. «Նման մի օրինագիծ էլ կա Ռուսաստանի Դաշնությունում: Մենք շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն դատապարտվի Հայոց ցեղասպանությունն, այլեւ՝ դատապարտվի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Մեր կարծիքով ժխտողականությունը եւ գիտակցված ժխտողականությունը նույնքան վտանգավոր է, որքան Ցեղասպանություն իրականացնելը»:
Նա Ֆրանսիայի նախագահի եւ Ֆրանսիայի քաղաքական գործիչների այս գործունեությունը ողջունելի որակեց: «100-րդ տարելիցն ավարտվել է, բայց մենք պետք է շարունակենք երկու ուղղությամբ էլ. եւ Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծման համար ամենօրյա աշխատանք իրականացնել, եւ մյուս կողմից նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարում»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ