Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը հովանավոր է ունեցե՞լ ռազմաբազայում. դատարանում շոշափվեց Ա. Նիկիշինի անունը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 29,2016 21:42

Վալերի Պերմյակովի դատավարությունն այսօր շարունակվեց անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո: Ռուսական ռազմաբազայից 6 վկաներից ներկայացել էր ընդամենը մեկը՝ վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինը, մնացածները սպանությունից հետո հեռացվել էին աշխատանքից: Նրանց անունները հանված էին զորամասի անձնակազմի ցուցակից:

Ավետիսյանների փաստաբանները սկսեցին հարցեր տալ վաշտի հրամանատարին՝ ռուսական ռազմաբազայում տիրող կարգուկանոնի, դասալիք Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքների  մասին: Վկայի հարցաքննությունը տևեց մոտ 1,5 ժամ: Փաստաբանների հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Վալերի Պերմյակովին, վերջինս ասաց՝ նրա հրամանատարի խոսքերով, Պեմյակովը աշխատասեր է ու տիրապետում է ռազմական տեխնիկային, նրանից բողոքներ ու դժգոհություններ չեն եղել: Թե ինչպե՞ս է նա Չիտայի զորամասից հայտնվել Գյումրիում, վկան ասաց, որ ինքն այդ ժամանակ արձակուրդում է եղել:

Dat_1 Dat_2 Dat_3 Dat_4 Dat_6 Dat_7

Վկան նախ ասաց, որ ինքը դեպքի օրը գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է Վալերի Պերմյակովը եղել գյումրեցիների հետ, վկան ասաց, որ չի կարծում թե նա շփումներ է ունեցել այս քաղաքի բնակիչների հետ: Վկան նաև ասաց, որ ինքը սպաների հետ է շփվում, ոչ թե Պերմյակովի կարգի զինվորների:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենա զինծառայողը Գյումրու ռազմաբազայում ծառայելու համար:

Արտյոմ Դանչինը թվարկեց, որ նյարդ հոգեբանական դիսպանսերում հաշվառված չպետք է լինի, դատված չպետք է լինի,  ազգականները՝ նույնպես: Լուսինե Սահակյանը հարցրեց, իսկ ինչպե՞ս են ստուգում այս ամենը: Վկան ասաց, որ տվյալ դեպքում Չիտայի հանձնաժողովից են ստուգել ու ուղարկել: Այս վկայությունից պարզ դարձավ, որ Գյումրի են ուղարկվում միայն Չիտայից: Իսկ ինչո՞ւ Չիտայից՝ հարցին, վկան չկարողացավ պատասխանել:

Լուսինե Սահակյանը խնդրեց մանրամասնել պատմել Վալերի Պերմյակովի՝  2015 թվականի հունվարի 12-ի ծառայության մասին: Վկան պատմեց, որ  Վալերի Պերմյակովն այդ օրը գիշերը  ժամը մեկից պահակային ծառայության մեջ է եղել  իրեն վստահված պահակակետում: Նրան տեսել է, եղել է հանգիստ վիճակում: Ժամը 3-ին սերժանտը զեկուցել է իրեն, որ Վալերի Պեմյակովը լքել է զորամասը, իրենք էլ սկսել են որոնողական աշխատանքները:

Գնացել են Պերմյակովի հետքերով, մոտակայքում կորցրել են հետքը: Այնուհետ որոնողական աշխատանքներ են կատարել Շիրակացի փողոցում, հետո ինքը հրաման է ստացել ռազմաբազա վերադառնալու: Փաստաբանի հարցին, թե զինվա՞ծ էիք որոնում Պերմյակովին, վկան ասաց՝ ոչ: Այս պատասխանը ապշեցրեց փաստաբաններին, նրանք հարցրեցին՝ դուք գիտենալով, որ Պերմյակովը զենքով է ծառայությունը թողել, անզե՞ն էինք նրան փնտրում, եթե բռնեիք Պերմյակովին, ո՞նց էիք ձերբակալելու:

Վկան իր ցուցմունքում նաև ասաց, որ ըստ ընդունված կարգի, 20 րոպեն մեկ հեռախոսակապ են հաստատել պահակակետում կանգնողի հետ, եթե նա չի արձագանքում, պահակապետը պարտավոր է նրան այցելել:

Պարզվեց, որ այդ օրը պահակապետը եղել է Անդրեյ Նիկիշինը: Նշենք, որ նա ևս վկա է այս գործով, սակայն չէր ներկայացել, քանի որ վաղաժամ  հեռացվել է աշխատանքից: Քանի որ նրա անունը հաճախակի էր շոշափվում Վալերի Պերմյակովի զինվորական ուղուն առնչվող գրեթե բոլոր  հարցերում, անգամ Վալերի Պերմյակովի փաստաթղթերին Նիկիշինն է ծանոթացել, սա կասկած առաջացրեց փաստաբանների մոտ, որոնք հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապեր ունի Անդրեյ Նիկիշինը Վալերի Պերմյակովի հետ: Վկան չուներ այս հարցի պատասխանը:

Վկան ասաց, որ  սպանության մասին տեղեկացել են ժամը 12-ին: Հարցին՝  եթե ձեր որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, ինչո՞ւ էիք հետ գնում ռազմաբազա, վկան ասաց, որ ինքը հրաման էր ստացել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ հետաքրքրվեց, եթե Պերմյակովը չի համապատասխանել այն չափանիշներին.  8 անգամ դասալիք է եղել, տևական ժամանակ գտնվել է հոգեբույժների ու հոգեբանների հսկողության տակ, հոգեբույժը ցուցում է տվել 3 ամիս  զենք չկրել, եղբայրը դատված է,  ինչպե՞ս են այդ անձին բերել Հայաստան: Վկան ասաց, որ Չիտայի հանձնաժողովն է որոշել:

Նորից անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ են դադարեցրել Պերմյակովի որոնողական աշխատանքները, վկան չկարողացավ հստակ ժամ նշել: Սակայն, ըստ նրա, բերված շներն անգամ չեն օգնել Պերմյակովին գտնելու: Արթուր Սաքունցի հարցին՝ ինչքա՞ն ժամանակ հետո եք հայտնաբերել Պերմյակովի դասալքությունը, վկան ասաց՝  ժամը 3-ին: Ստացվում է, որ ռազմաբազայում Պերմյակովի դասալիք լինելու մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ, ընդունված կարգի համաձայն, երկու ժամ հետո պիտի փոխվեր պահակային ծառայության հերթապահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031