2016թ. նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության թվայնացումը: Այս մասին այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը:
«Կոմիտասի ժառանգության թվայնացումն իրականացվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ միասին: Կոմիտասի արխիվն այդտեղ է պահվում: Փաստաթղթերն այստեղ չեն կարող տեղափոխվել, փոխարենը, տեղափոխվել են թվային տարբերակները՝ Կոմիտասի ժառանգությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու նպատակով»,-հայտնեց Նավոյանը:
Նրա խոսքով՝ 2015թ. նշանակալի էր նաեւ գիտական հրապարակումների առումով. «Թանգարանը մեկ տարեկան է եւ մեկ տարում նման գիտական գործունեություն ծավալելը դժվար էր, բայց մենք կարողացանք դա անել: Մեկ տասնյակի հասնող գիտական հրապարակումներ կան, նաեւ գիտաժողովներին մասնակցություններ: Այս տարի «Կոմիտաս» փառատոնին ավելանալու է գիտաժողով. երեք օտարերկրացի գիտնականի հետ նախնական պայմանավորվածություն ունենք՝ մասնակցության համար»:
Կոմիտասագետի փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտն իրականացրել է Կոմիտասի ժառանգությունը հասարակությանը ներկայացնող ծրագրեր, այդ թվում՝ դասախոսություններ. «Օրինակ, կազմակերպել ենք «Կոմիտասը եւ հնագիտությունը» խորագրով դասախոսություն, որը մեծ արձագանք գտավ: Թվում է, թե կարող ենք շեղվել Կոմիտասից, բայց նա ինքն էր իր ուսումնասիրություններում համադրում մի քանի գիտություններ՝ մանավանդ հայագիտության բնագավառում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ