«Արդարադատության նախարարը, ինչպես եւ մյուս պաշտոնատար անձինք, կարող են նման պնդումներ անել, բայց Գեւորգի պարագայում ամեն ինչ ակնհայտ է»,-այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով Արփինե Հովհաննիսյանի՝ այսօր հնչեցրած դիտարկմանը, թե «Նոր Հայաստան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ եւ նրա հանդեպ բռնաճնշումներ չեն եղել:
«Նորություն չէ, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում քաղբանտարկյալների առկայությունը: Բայց ցավոք սրտի, մենք ունենք մոտ 20 քաղբանտարկյալներ, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Նրա համոզմամբ՝ նշյալ մարդիկ անազատության մեջ են բացառապես քաղաքական հայացքների պատճառով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ