Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սարգսյանին՝ (Ջունգլին), մեղադրում է սպանության մեջ ու նրա կյանքից մանրամասներ պատմում

Հունվար 29,2016 21:10

Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ջունգլ մականունով հայտնի Գեւորգ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը մահացած ազատամարտիկի քրոջ համար պատահականություն չէ:

Ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, Aravot.am-ի հետ զրույցում շարունակեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, որ Գեւորգ Սարգսյանը կաշառել է իրավապահ մարմիններին, արդյունքում ազատ արձակվել:

Անդրադառնալով Գեւորգ Սարգսյանի պնդումներին, թե իր սիրտը մաքուր է, ինքը մատով չի կպել մահացած ազատամարտիկին, Մարիետա Թումանյանը շարունակեց. «Երեք հոգով սարսափելի ծեծի են ենթարկել Վարդանին, ու դա եղել է նրա կնոջ ու դստեր ներկայությամբ: Տեսնող էլ է եղել, այդքանից հետո անբարո ձեւով հերքել՝ երդվելով, թե իրենք չե՞ն: Ասում են՝ իմ երեխաներին թաղեմ, անառակի որդի լինեմ, եթե ես Վարդան ձյաձյային ձեռք եմ տվել, բայց կրկնում եմ ծեծել են Վարդանի աղջկա ու կնոջ աչքի առջեւ: Հիմա էլ ասում են, թե իբր Վարդանին, երբ հիվանդանոց են տարել, նույնիսկ կապտուկներ չի եղել: Ես էլ ասում եմ՝ սուտ է, ես գոնե տեսել եմ, հեռուստատեսությամբ էլ են ցույց տվել, Վարդանը պառկած երեսին հարվածից կտրվածքներ, վնասվածքներ, ատամները ջարդած, ականջը վնասված: Դատաբժիշկը տվել է եզրակացությունը՝ մանրամասն գրված՝ որտեղ ինչ վնասվածք է եղել: Մահը վրա է հասել ծեծի հետեւանքով»:

Տիկին Թումանյանը վրդովվել է Գեւորգ Սարգսյանի՝ ազատ արձակվելու լուրից. «Ի՞նչպես եղավ, որ դերասան Վարդան Պետրոսյանը միջնորդեց գրավի դիմաց ստորագրությամբ ազատ արձակվել, չթողեցին, իսկ այս երեքը ծեծեցին,սպանեցին, ոչ ներողություն խնդրեցին ու հանկարծ  մի քանի ամիս հետո ազատ արձակվեցին: Այդ դեպքից հետո Սպիտակի ճանապարհին վթար եղավ ջրից չոր դուրս եկան, որոշ ժամանակ անց ոստիկան ծեծեցին դուրս պրծան, ինչպե՞ս է հնարավոր այսօր ոստիկան ծեծել ու ազատվել: Դրանից հետո Սադախլուում բռնվեցին կեղծ դոլարներ իրացնելու համար ու էլի Ջունգլը դուրս պրծավ: Պատահականություն հո չէ՞, դա այդ մարդկանց ապրելակերպն է, նրանք այդպես են ապրում»:

Իսկ իրավապահ մարմիններին կաշառելու ու ազատ արձակվելու իր կասկածները տիկին Թումանյանը պայմանավորում է նաեւ Գեւորգ Սարգսյանենց բնակարանը հապշտապ գրավի դիմաց դնելու հանգամանքով. «Դեպքից հետո ինչու իրենց բնակարանը յոթ միլիոն դոլարի դիմաց գրավ դրեցին, ինչու դատախազին փոխեցին, ես լուրջ կասկածներ ունեմ, որ կաշառել են, ազատ արձակվել: Եթե արդար էին, եթե ամեն ինչ հարթ էր գնում, ինչու դատախազ փոխեցին»:

Մարիետա Թումանյանը ծիծաղեց Գեւորգ Սարգսյանի քրոջ պնդումից, թե Վարդան Թումանյանը մահացել է թունավոր հեմատոմայից. «Վարդանը նման հիվանդություն չի ունեցել: Վարդանն այնպիսի առողջություն է  ունեցել, որ պատը շուռ է եկել վրան, տակից դուրս է եկել, ոնց եղավ, որ թունավոր հեմատոմա ունեցավ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031