ՀՀ զինված ուժերի կազմավորման 24 ամյակի առթիվ հունվարի 28-ին Քաշաթաղի շրջվարչակազմը հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպվեց այց և տոնական հանդիսություն: Հայոց բանակը՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխիք, բոլորս ենք գիտակցում և պարտավոր ենք միշտ լինել հայ զինվորի կողքին թե տոնական օրերին, թե դժվար պահերին և մշտապես: Այցի պահին զորամասում, գնդապետ Հովիկ Աբրահամյանի հրամանատարությամբ, կայանում էր տոնական միջոցառում:
Զորամասի շարահրապարակում գումարտակ-գումարտակ, վաշտ-վաշտ շարված էին հայոց բանակի զինվորներն իրենց հրամանատարների հետ: Զորամասի հրամանատարը ողջունեց զինվորականներին, ներկա քաղաքացիական անձանց շնորհավորեց անկախության տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից զինված ուժերի՝ Հայոց բանակի կազմավորման 24 ամյակի առթիվ՝ կարևորելով բանակի դերը երեկ ու այսօր և ապագայում: Անդրադարձավ իրենց զորամասի առաքելությանը՝ նշելով, որ Հայրենիքի մի հատվածի պաշտպանությունը դրված է շարահրապարակում շարված և դիրքերում հսկող զինվորների վրա, և այն պատվով է կատարվում: 2015թ. դեկտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձել է ներխուժել միջդիրքային տարածք: Դարանակալած մեր հետախուզական ստորաբաժանման զինծառայողներն անցնում են պաշտպանական մարտի:
Ադրբեջանական գրոհայինները, կորուստներ տալով, հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, մերձամարտի ընթացքում մարտիրոսվել են ՊԲ շարքային զինծառայողներ, Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.), 4 զինծառայող վիրավորվել են:
Միտինգի ավարտին աչքի ընկած մի շարք զինվորականներ պարգևատրվեցին Պաշտպանության նախարարության և զորամասի հրամանատարության կողմից: Հայոց բանակի զինվորներին ու սպաներին տոնի առթիվ շնորհավորեց ու ողջունեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ ասելով.
Կարդացեք նաև
-Մեր բանակը, որ բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, ամենամարտունակն է տարածաշրջանում, և սա օտարերկրյա ռազմագետների կարծիքն է նաև: Այն այդպիսին է, քանի որ ունի մահվանն անթարթ հայացքով նայող հրամանատարներ, ձեզ նման խիզախ ու արի զինվորներ: Գաղտնիք չէ, որ միջազգային իրավունքը լոկ կեղծ գաղափարախոսություն է, և աշխարհում տիրում են գայլային օրենքները: Մենք պարտավոր ենք լինել ավելի ուժեղ, ավելի հզոր և զգոն: Մեր ուժի մարմնացումը մեր բանակն է, և յուրաքանչյուր հայի պարտքն է՝ ինչ-որ գործով օժանդակել հայոց բանակին: Այնուհետև Ա. Մխիթարյանը վստահեցրեց, որ Քաշաթաղի շրջանի յուրաքանչյուր բնակիչ հարկ եղած դեպքում կդառնա հանոց բանակի զինվոր, և դա ապացուցվել է մի քանի անգամ:
Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից զորամասի հրամանատարը, տեղակալ, փոխգնդապետ Դիմիտրի Ավանեսյանը, փոխգնդապետ Սևակ Հայրապետյանը, այլ սպաներ արժանացան պատվոգրերի և նվեր ստացան Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանների մեծադիր լուսանկարներ, որոնք հանձնեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը: Անցած տարվա ամռանը զորամասի անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար զորամասի կողմից հսկվող սահմանահատվածում ինժեներական ծավալուն աշխատանքներ կատարվեցին: Այս աշխատանքներին մեծ մասնակցություն ունեցավ Քաշաթաղի շրջանը: Շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ երկու հարյուր կամավոր մասնակցեց կահավորման աշխատանքներ իրականացնելուն. կա ծրագիր այն շարունակելու: Բանակ-հասարակություն կապն ամուր պահելու համար զորամասի հրամանատարության կողմից շրջվարչակազմի ղեկավարը, տեղակալը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, այլ աշխատակիցներ, ինչպես նաև առաջնագծի ամրացման աշխատանքներին մասնակից համայնքների ղեկավարները խրախուսվեցին զորամասի շնորհակալագրով ու պատվոգրով:
Շնորհակալագրի արժանացան նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1, Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, և Քարեգահի միջն. դպրոցների տնօրեններ Անահիտ Քոսակյանը, Համբարձում Արզանյանը և Վոլոդյա Գալստյանը: Պաշտոնական մասից հետո հրապարակում համերգային ծրագրով հանդես եկան Քաշաթաղի շրջանի մշակութային խմբերն ու դպրոցականները: Կովսականի «Թաթուլ» ազգագրական երգ ու պարի խումբը Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդես եկավ ազգագրական, ռազմահայրենասիրական պարերով, երգերով: Խմբի հետ պարեցին ու մոտ 1 ժամ զինվորական առօրյայից կտրվեցին զորամասի զինվորները: Ելույթ ունեցան նաև Բերձորի արվեստի դպրոցի(տնօրեն՝ Ա. Սուջոյան) և «Բերձոր» ժողգործիքների համույթի (տնօրեն՝ Հ. Գրիգորյան) երգիչ-երգչուհիները, երաժիշտները: Զինվորականների համար քաղցրավենիք էին բերել Բերձորի թիվ 1, թիվ 2 և Քարեգահի միջնակարգ դպրոցների սաները: Արկղերին գրված էր՝ «Իմ պահապանին»:
Իրենց պահապանին նաև նամակներ էին ուղարկել դպրոցականները, որոնք ընթերցեց հանդիսությունը վարող, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի (վարիչ ՝ Հ. Ավանեսյան) աշխատակից Նարինե Մխիթարյանը: Բերձորի թիվ 1 միջնակարգի 11-12-րդ դասարանների աշակերտներ Աստղիկ Հայրապետյանը և Նարեկ Հարությունյանը կատարեցին զինվորական երգեր՝ Վլադիմիր Սարգսյանի կիթառի նվագակցությամբ: Ասմունքով, երգով, դհոլ նվագելով հանդես եկան նաև զինվորները: Համերգային մասից հետո Քաշաթաղի շրջանի պատվիրակության անդամները(շրջվարչակազմի ներկայացուցիչներ, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյան, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՍՊԸ տնօրեն Սամվել Ալեքսանյան, նախագծող Տիգրան Մեջլումյան, դպրոցների տնօրեններ, զինղեկներ, աշակերտներ, ուսանողներ), շրջեցին զորամասում, ծանոթացան պայմաններին, և զինվորների հետ վայելեցին զինվորական ճաշը:
Ընթացքում զրուցեցի սպաների ու զինվորների հետ: Հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, փոխգնդապետ Սևակ Հայրապետյանն ասաց, որ բանակն առանց թիկունքի թույլ կլինի, ուստի կարևոր են նման հանդիպումները, շփումները: Ինչ վերաբերում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի և իրենց զորամասի համագործակցությանը, ողջունելի ու անհրաժեշտ երևույթ է: Տեղեկացրեց նաև, որ իրենց զորամասում Քաշաթաղի շրջանից ծառայում են 10 ժամկետային զինծառայող, ովքեր աչքի են ընկել իրենց կարգապահությամբ: Շարքայիններ Արսեն Հարությունյանը և Նարեկ Ալեքսանյանը գոհ էին ծառայությունից, գիտակցում են իրենց պարտականությունը: Զորամասի հրամանատարը գոհունակություն հայտնեց այցի համար, կարևորեց նման միջոցառումները՝ նշելով, որ թիկունքի աջակցությունն այստեղ զգում են: Անդրադառնալով թշնամու գործողություններին՝ ասաց.
-Հակառակորդը պետք է իմանա՝ մեր տունն ամուր է, մուտք գործելը՝ անհնարին: Ոչ մի ոտնձգություն անպատասխան չի մնում: Թշնամին յուրաքանչյուր ոտնձգությունից հետո ունեցել է և՛ մարդկային, և՛ տեխնիկայի մեծ կորուստներ: Մենք գիտենք հակառակորդի խոցելի կողմերը և պետք եղած ժամանակ ավելի խիստ ենք գործելու: Ավելացրեց նաև, որ այսուհետ կապը Քաշաթաղի շրջանի հետ կլինի ավելին, զորամասի սպաները հաճախ կայցելեն դպրոցներ, կանցկացնեն արիության դասեր:
Երեկոյան հրաժեշտ տվեցինք մեր պահապաներին և հավատով տուն եկանք՝ մեր բանակն անպարտ է, մենք՝ անվտանգ:
Զոհրաբ Ըռքոյան