Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վատագույն ավանդույթները. ypc.am

Հունվար 29,2016 20:22

Արդեն ձևավորված վատ ավանդույթ է՝ հանրային նշանակության միջոցառումից, կառավարության նիստից, Ազգային Ժողովի որևէ նշանակալից նիստից ու քվեարկությունից հետո հասարակությունը, և հատկապես լրագրողական համայնքը, քննարկում է ոչ այնքան բուն իրադարձությունը և դրա հնարավոր ազդեցությունը հասարակության հետագա կյանքի վրա, որքան այդ ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ:

Մեկ այլ վատ ավանդույթ էլ է հասցրել ձևավորվել:

Անցյալ տարվա կեսին՝ հունիսի 23-ին, տեղի ունեցան Էլեկտրիկ Երևանի իրադարձությունները: Դրանից հետո խոսքի ազատության, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների մասին խոսելիս անհնար է շրջանցել այդ օրը: Ավելին, այն մի տեսակ անկյունաքարային-շրջադարձային դարձավ այս թեմաների շուրջ քննարկումներում: Պատճառը ոչ միայն այն էր, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումները տեղի էին ունեցել հանրային նշանակության իրադարձության ժամանակ, այդպես էլ մի կարգին չքննվեցին ու չբացահայտվեցին, այլ նաև՝որ դրանք զանգվածային էին:

Հաջորդ անկյունաքարային – շրջադարձայինը՝ ընդ որում դարձյալ զանգվածային ծավալներով, արդեն երկու օր առաջ էր:

Հայոց բանակի 24-րդ տարեդարձի օրը Եռաբլուրում, այո, լրագրողներին չծեծեցին, մասնագիտական տեխնիկան չփչացրին, ձեռքներից չխլեցին: Սակայն նրանց նկատմամբ տեղի ունեցածը նույն բռնությունն էր: Գիտե՞ք, եթե հասարակության, այդ թվում՝ դրա լրագրողական հատվածը ներկայացնողների անվտանգությունը ապահովելուն կոչված պաշտոնյաները այդ նույն լրագրողներին հրապարակավ հայտնում են իրենց զզվանքը, դա ուղղակի ազդակ է մնացած բոլորին՝ նույնպես հայտնելու լրագրողներին իրենց զզվանքը՝ հրապարակավ կամ ոչ այնքան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Սա այնքան հրատապ լուր դարձավ, որ լուսաբանվեց բուն միջոցառումից ոչ պակաս: Ոչ միայն լուսաբանվեց, այլ նաև՝ ենթարկվեց վերլուծությունների և ժանրային այլ մշակումների:

Այսպիսով` պաշտոնյաները նաև օրակարգից սահուն կերպով հանում են բովանդակային հարցերը և օրակարգ են բերում լրագրողների և լրագրության գոյատևության խնդիրները: Մինչ լրագրողները արձանագրում են, քննարկում են, դատապարտում են իշխանության ներկայացուցիչների վարքագիծն ու պահվածքը, վերջիններս հասցնում են, ասենք, հին մեքենաները փոխել նորերով: Եվ ձեռքի հետ ավելացնել լրագրողների նկատմամբ զզվանքի ու մաղձի իրենց ներքին չափաբաժինը:

ԵՄԱ ամփոփագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031