«Թանգարանը լուրջ խնդիրներ դրեց իր առջեւ: Կոմիտասի անունը դժվար է մեզանում թերագնահատել եւ միաժամանակ՝ գերագնահատել, նա մեր երաժշտարվեստի ազգային ակունքների հիմնադիրն է եւ նրա ժառանգությունը հանրահռչակելը մեր խնդիրն է»,-այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ Կոմիտասի երաժշտությունն այսօր պետք է ընկած լինի ազգային երաժշտարվեստի հիմքում. «Գտնում ենք, որ թանգարանի կոլեկտիվը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ հատկապես կոմիտասագիտության եւ կոմիտասյան ժառանգության հանրահռչակման տեսանկյունից»:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը տեղեկացրեց, որ մեկ տարում թանգարանն ունեցել է 26 հազար այցելու, այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, ուսանողներ, հանրահայտ արվեստագետներ. «Թանգարանային գիշեր» ակցիայի ընթացքում ունեցել ենք մոտ 3000 այցելու: Մեկ տարում կազմակերպել ենք մոտ 100 միջոցառում, այդ թվում՝ համերգներ, դասախոսություններ, զրույց-հանդիպումներ, կրթական ծրագրեր, գիտաժողովներ»:
Տնօրենն առանձնացրեց «Կոմիտաս» փառատոնը. «Այն բավականին կարեւոր է մեզ համար: Հուսով ենք այս տարի փառատոնի ձեւաչափը կընդլայնվի եւ այն կդառնա միջազգային»: Կոստանդյանի փոխանցմամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել են նաեւ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Թանգարանն-ինստիտուտը մասնակցել է «MIDEM» միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին, նաեւ դարձել Միջազգային թանգարանային միության (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում ընդունեց Կոմիտասի թանգարան ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվեց Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվեց թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Կառույցն ունի 8 սրահ՝ մշտական ցուցադրությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ