Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարկովիչի զեկույցում հայկական կողմի համար մահացու ոչինչ չկա». Ռուբեն Մեհրաբյան

Հունվար 29,2016 19:25

«Ռոբերտ Ուոլթերի բանաձևի մերժումը ցնծության առիթ չէ, Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունումն էլ ողբերգության առիթ չէ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցներից մեկի մերժմանը և մյուսի ընդունմանը:

Սակայն, Ռ. Մեհրաբյանի համոզմամբ, այդ երկուսն էլ մեզ համար լրջագույն առիթ են լրջագույն հետևություններ անելու. «Բոլոր թերություններով հանդերձ, պաշտոնական Երևանի դիվանագիտությանը հաջողվեց անցած ամիսների ընթացքում ներդաշնակեցնել իր գործունեությունը Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների հետ: Իսկ Ադրբեջանին դա ոչ միայն չհաջողվեց, այլև գնալով հակասությունները մեծանում են, ընդ որում, ինչպես Մինսկի խմբի հետ ամբողջությամբ, այնպես էլ յուրաքանչյուր համանախագահ երկրի հետ առանձին վերցրած»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետի դիտարկմամբ՝ մյուս կարևոր հետևությունը, որ պետք է անի պաշտոնական Երևանը, հետևյալն է. «Այն, որ հայկական կողմն այնուամենայնիվ թույլ տվեց, որ այդ խայտառակ զեկույցները հասնեն մինչև լիագումար նիստ, հասնեն քվեարկության աստիճանի և քվեարկվեն, կարծում եմ, որ հայկական դիվանագիտության մեծագույն բացթողումն է»,- ընդգծեց նա:

Ռ. Մեհրաբյանն Ուոլթերի բանաձևի տապալումը մեծապես կապում է Մինսկի խմբի՝ դրան նախորդած հայտարարության հետ. «Ընդ որում, դա համատեղ հայտարարություն էր, այդ դիրքորոշումը կիսում էին և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը: Դրա շնորհիվ, հայկական կողմը կարողացավ չեզոքացնել իր թույլ տված բացթողումները: Բայց ոչ ավելին»,- նշեց նա:

Դառնալով Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունման հետևանքներին՝ Ռ. Մեհրաբյանն ընդգծեց, որ հակահայկական այդ զեկույցում հայկական կողմի համար մահացու ոչինչ չկա. «Պետք է աշխատել համապատասխան խմբի հետ, որը վաղ թե ուշ ժամանելու է տարածաշրջան, և, պարզապես, ներկայացնել իրողությունը,- կարծում է փորձագետը,- իհարկե, այդ բանաձևի ընդունումը շատ տհաճ էր, քանի որ այնտեղ սխալ դրույթներ կան, որոնք վնաս են հասցնում ոչ միայն Հայաստանին, այլև ողջ բանակցային գործընթացին…

Ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը։ Ադրբեջանը ոչ թե ջուր է ուզում, այլ վերահսկողություն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններն Ադրբեջանին բազմիցս առաջարկել են քննարկել և համաձայնության գալ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում, սակայն Ադրբեջանը պատասխանել է, որ չի ուզում խոսել «անջատողականների» հետ, իսկ հետո էլ բողոքել է միջազգային մարմիններին, որ հայերն իրենց զրկում են ջրից»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031