Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. «Չի բացառվում, որ Ալիեւն իր կաշին փրկելու համար պատերազմ սկսի»

Հունվար 29,2016 19:05

«Բանակը մեր ազգային անվտանգության երաշխիքներից եւ չի կրում այն որակները, որոնք բնորոշ են ոստիկանությանը: Վերջինս դարձել է ներքին անկայունության աղբյուր եւ պետականության ողնաշարը կազմաքանդող գործիք: Բարեբախտաբար, բանակին մեկ անգամ օգտագործեցին մեր ժողովրդիր դեմ՝ դա 2008 թվականն էր»,-այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը:

Նա նկատեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ էլ կային պատերազմից խուսափողներ, բայց նրանց թիվը չնչին էր. «Ցավոք պետք է արձանագրենք, որ այսօր այդ մարդիկ իշխում են՝ քաղաքապետեր են, գյուղապետեր, պատգամավորներ: Ու ամենավատը՝ նրանք այսօր «ազատամարտիկներ» են եւ թոշակ են ստանում: Իսկ իրական ազատամարտիկները, որոնք կռվեցին եւ վիրավորվեցին, այսօր գոյատեւման խնդիր են լուծում: Անգամ թոշակը ստանալու տարեկան կարգը ամրագրելու համար պետք է կաշառք տան պաշտոնյաներին»:

Ըստ Մակեյանի՝ իշխանություններն ազգային անվտանգության այսպես կոչված բաղադրիչ են համարում նաեւ Ադրբեջանում տիրող իրավիճակը. «Այսինքն, ինչքան նրանց մոտ վատ է, մեր մոտ համեմատաբար լավ է, հետեւաբար՝ կարող ենք ապահով լինել: Բայց դա այդպես չէ: Եթե մեր մոտ 20 քաղբանտարկյալ կա, իսկ Ադրբեջանում՝ 120, ուրեմն մեր մոտ լավ է՞: Չէ՞ որ մենք էլ 2008-ին ունեցել ենք 100-ից ավելի քաղբանտարկյալներ: Եթե Ադրբեջանում լրատվամիջոցներին ճնշում են, իսկ մեզ մոտ դա արվում է ըստ անհրաժեշտության, ուրեմն մենք լա՞վ վիճակում ենք:

Եթե Ադրբեջանի տնտեսությունը նստած է նավթի վրա, քաոսային վիճակ է տիրում, իսկ  մեր մոտ տնտեսության գոյություն չունենալու պայմաններում կարողանում են դրամի կուրսն արհեստական կերպով պահել, ուրեմն մեր վիճակը լավ է՞: Պետք է հասկանալ կարեւոր հանգամանք՝ Ադրբեջանում քաոս է սկսվում: Չի բացառվում, որ Ալիեւն իր կաշին փրկելու համար լայնամասշտաբ պատերազմ սկսի: Այդ դեպքում, չեմ կասկածում, մենք հաղթական արդյունք ենք ունենալու, բայց նաեւ՝ հազարավոր զոհեր»:

Պետրոս Մակեյանի համոզմամբ՝ եթե մեր հասարակությունը համերաշխ լինի, ալիեւները չեն ընտրի պատերազմի ճանապարհը. «Բանակն ազգային անվտանգության հիմնական բաղադրիչն է, բայց դա բավարար չէ: Անհրաժեշտ է նաեւ ազգային համերաշխ հասարակություն, ինչը տեսել ենք 1991-94թթ, երբ հաղթանակի հիմնական խաղաքարտը եղել է այդպիսի հասարակությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031