Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին «կֆիլտրեն» եւ անգամ թեթեւ նշանների դեպքում դպրոց ու մանկապարտեզ չեն թողնի (Տեսանյութ)

Հունվար 29,2016 18:00

Այս պահին 6 քաղաքացիներ H1N1 վիրուսով վերակենդանացման բաժանմունքում են, եւ շնչում են արհեստական շնչառական ապարատով: 705 հիվանդ էլ գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Այսօր այս մասին հայտնեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Չնայած սրան, պարոն Վանյանը վստահեցրեց, որ գրիպի վիրուսը մեր երկրից նահանջում է, փոխարենը մեծ բռնկումներ կան մեր հարեւան պետություններում` Վրաստանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում: Ըստ նախարարության պաշտոնյայի, Հայաստանում վիրուսի պիկը եղել է հունվարի 17-ին եւ 18-ին: Այդ օրերին ամենաշատն են դիմել բուժօգնության:

Aravot.am-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ տարածաշրջանում առաջինը Հայաստանում գրիպի բռնկումը եղավ, Արտավազդ Վանյանն ասաց, որ մեր երկրում, պարզապես, ավելի շուտ եւ արագ են արձագանքել. «Հարեւան երկրներում էլ կար, բայց մեր առողջապահության համակարգը շուտ արձագանքեց. Մենք նոր տարի չարեցինք, իսկ նրանց մոտ տոներից հետո միայն սկսեցին արձագանքել»:

Ծնողների այն մտահոգություններին, թե փետրվարի 1-ից երեխաներին տանե՞լ դպրոց, մանկապարտեզ, թե ոչ, պարոն Վանյանն ասաց, որ կրթության ոլորտի պատասխանատուներին հորդորել են կրթօջախներում համապատասխան ջերմային ռեժիմը պահպանել, որպեսզի երեխաները չհիվանդանան: Բացի այդ երեխաներին «ֆիլտրելու» են, այսինքն` դպրոց ու մանկապարտեզ հաճախելիս բժիշկները հետազոտելու են եւ եթե մեկնումեկի մոտ անգամ թեթեւ մրսածություն, հազ կամ փռշտոց նկատեն, ծնողին արգելելու են երեխային դպրոց կամ մանկապարտեզ տանել:

Արտավազդ Վանյանը նաեւ անդրադարձավ H1N1-ի Ռուսաստանում մուտացիայի ենթարկված լինելու մասին լուրերին` վստահեցնելով, որ այս վիրուսն էապես մուտացիայի չի ենթարկվել եւ որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ գործ ունենք 2009 թվականի գրիպի H1N1 ենթատիպի հետ:
Մանրամասները` տեսանյութում

 

Շրջանառվող Զիկա վիրուսի առնչությամբ էլ, որն այս օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մտահոգության առարկան է դարձել, քանի որ այդ վիրուսով արդեն վարակվել են մի շարք երկրներում երեխաներ ու հղի կանայք, Արտավազդ Վանյանն ասաց, որ այն մարդուց մարդուն չի անցնում եւ որ այն տարածվում է մոծակի խայթոցի միջոցով:

«Զիկա վիրուս դեռեւս 47 թվականից կա աֆրիկյան տարածաշրջանում եւ Եվրոպայում արձանագրված դեպքերը բերովի են, որովհետեւ այդ վիրուսը մոծակի միջոցով է փոխանցվում եւ այդ տվյալ երկիրը պետք է այդ մոծակն ունենա, որպեսզի հիվանդությունը տվյալ երկրում տարածվի: Մենք Հայաստանում չունենք այդ տեսակի մոծակ, բայց մեզ մոտ աշխատանքներ տարվում են, ուղեցույցեր են մշակվում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031