Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստն անցկացվում էր 417 սենյակում՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի աշխատասենյակում:
Սա դուր չէր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ու քանի որ նիստն, ընդհանուր առմամբ, լարված էր ընթանում, պարոն Փաշինյանը վիճել էր Արտակ Զաքարյանի հետ, նա նետեց, թե սրանից հետո հանձնաժողովի նիստերը ուրիշ սենյակում կանեք, ձեր աշխատասենյակում չանեք:
Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Որտեղ որ կհրավիրեն ձեզ նիստի՝ ԱԺ տարածքում, ուրեմն նիստն այնտեղ է կայանալու»:
Փաշինյանն այս պատասխանից աչքերը կլորացրեց. «Ուրեմն նիստերի համար կա նախատեսված դահլիճ: Սա ձեր աշխատասենյակն է, ստեղ այլեւս նիստ չանե՛ք»:
Կարդացեք նաև
Արտակ Զաքարյանը պնդեց, որ աշխատասենյակում էլ է հնարավոր նիստ անել, ԱԺ-ում նման պրակտիկա կա, իսկ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ես էլ ձեզ ասում եմ, որ ստեղ այլեւս չանե՛ք»:
Արտակ Զաքարյանի խոսքերով՝ «Էդ դուք կասեք, երբ կլինեք հանձնաժողովի նախագահ: Այն ժամանակ ինքներդ կորոշեք նիստերը որտեղ է հարմար անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ