Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Սարգսյանը (Ջունգլը), հերքում է, որ ազատամարտիկին ինքն է սպանել. «Իմ սիրտը հանգիստ է, մատով անգամ չեմ խփել»

Հունվար 29,2016 17:40

Մի նարդու պատմությունից սկիզբ առած ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության հայտնի գործը ներկայումս քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ազատամարտիկի քույրն ու կինն ասում են, որ Վարդանի գլխին վերջին մահացու հարվածը հասցրել է Գեւորգ Սարգսյանը, որը հայտնի է Ջունգլ մականունով ու հիմա նրա խափանման միջոցը փոխել են, ազատ են արձակել, որովհետեւ կաշառել է բոլորին:

Aravot.am-ի հետ զրույցում ինքը՝ Գեւորգ Սարգսյանը եւ նրա քույրը՝ Նունե Հովսեփյանը բոլորովին այլ կերպ նկարագրեցին իրողությունն ու փաստարկներ բերեցին, թե ինչու Գեւորգը չէր կարող սպանած լիներ Վարդանին. «Վարդանը քացու տակ է գցել մեր հորը, գրպանից հանել է լիմոնադի խցանահանն ու դեմ տվել կոկորդին: Մեր հայրն էլ 73 տարեկան, կոնտուզիա տարած մարդ է: Սաքոն իմանալով, որ իր պապիկին ծեծել են, գնացել է ու դուրս հրավիրել՝ զրուցելու: Ասել է՝ եթե դու 50-ն անց մարդ ես, քեզ թույլ ես տվել 73 տարեկան մարդուն խփելու, արի ներողություն խնդրիր, հարեւաններ ենք, թող անցնի՝ գնա, ես ոչ կռիվ եմ ուզում, ոչ էլ: Սա էլ պտտվում է, թե՝ գնա, քո ցեղն էլ…պապուդ քցի ոտերիս տակ, հիմա էլ դո՞ւ ես ուզում ընկնես ոտերիս տակ ու հարվածում է աչքին: Նա էլ, ի պատասխան, ձեռքով մի հատ հարվածում է, Վարդանի դեմքը մի փոքր վնասվում է՝ սալջարդ: Վարդանին տանում են հիվանդանոց, տեսնում են՝ քերծվածքներ կան ընդամենը: Նա 3 տարի առաջ թունավոր հեմատոմա է ունեցել, երբ հուզվել է, ճնշումը բարձրացել է, ուղարկել են վիրահատման, որի ժամանակ էլ մահացել է»:

Nune_Hovsepyan-3

Ինչ վերաբերում է բոլորին կաշառելուն, ինչի մասին հայտարարել էր Մարիետա Թումանյանը՝ ենթադրելով, որ հակառակ դեպքում մեղադրյալները չէին կարող ազատ արձակվել, Նունե Հովսեփյանի խոսքերով՝ «Այդ գործն այնպիսի աղմուկ էր բարձրացրել կայքերում, որ դժվար թե դատախազներից ու բժիշկներից որեւէ մեկը համարձակվեր գումար վերցնել: Այդքանը Մարիետան պիտի հասկանար: Հետո մենք այն ապրելակերպը չունենք, որ այդքանին կարողանանք կաշառել, գումար ունենայինք՝ մեր բնակարանը կվերանորոգեինք»:

Այն, որ 3 հոգով 5 րոպե շարունակ ծեծել են Վարդան Թումանյանին, Գեւորգ Սարգսյանի քույրը նույնպես հերքում է. «Վարդանը գնացել է հիվանդանոց, անգամ կապտուկ չի ունեցել: Իմ եղբոր խփածից սպորտսմենն անգամ կես ժամ հետո է ուշքի գալիս, երեք հոգով, եղբայրս էլ հետը ո՞նց կարող էին ծեծել ու Վարդանը նորմալ հասներ իր տուն: Ըստ որում, Վարդանն ունեցել է մի շարք հիվանդություններ, դժվար թե դիմանար նրանց հարվածներին, նա տեղնուտեղը պիտի մնար»:

Jungl_2

Գեւորգ Սարգսյանն էլ ասաց, թե ինքն որքանով է առնչություն ունեցել միջադեպի հետ. «Ես հասա մանկապարտեզի մոտ այն պահին, որ Վարդանը քարն է վերցնում ձեռքը: Ես չգիտեի, որ հորս նա խփել էր: Ասում էի՝ խմած մարդ է, ինչի՞ ես կռվում հետը, Սա՛ք: Այդպես հանդարտեցրինք, հորս հետ նստեցինք ավտոն ու գնացինք: Երբ իմացանք, որ ոստիկանները գործով զբաղվում են, մենք գիտեինք Սաքոյի էդ մի հարվածի համար է, չգիտեինք, որ իմ հետ կապված պիտի պատմություններ հորինեն»:

Մեր հարցին՝ դուք անձամբ չե՞ք խփել Վարդան Թումանյանին՝ Գեւորգ Սարգսյանը պատասխանեց երդմամբ. «Երկու երեխեքիս լույսը չտեսնեմ, թե մատով անգամ խփել եմ: Ես մենակ իր ձեռքից քարն եմ վերցրել: Մարդիկ մտածում են՝ եթե Գեւորի պապային խփեին՝ ուրեմն ինքը հաստատ սպանած կլինի: Բայց ես խաբար չեմ եղել, որ իմ հորը խփել են: Իրանք շոու են սարքում, յանի արյուն է թափվել ասֆալտի վրա: Այն փորձաքննության է ենթարկվել, արդյունքները ցույց են տվել, որ դա արյուն չէ: Ասում են՝ 5 րոպե ծեծել եմ: Ես իմ դիսկերը բերեմ, բոյերս տեսեք, իմ մի ուդառից ինչ են լինում, ես ո՞նց կարող ա 5 րոպե ծեծեի ու նա տուն գնար, հաջորդ օրը նոր վատ զգար, գնար հիվանդանոց: Մի հատ արյուն չկար ոչ մեկի վրա, մեր շորերը տարել են փորձաքննության»:

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը խառնամարտի Եվրոպայի չեմպիոն է եղել:

Նա նեղսրտում է, որ Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետան մամուլում պարբերաբար իրեն վարձու մարդասպան է կոչում, արատավորում իր անունը. «Մարդասպանի անուն են հանում: Ես որ չեմպիոն էի լինում, մարդիկ բակի բեսեդկաներում նշում էին իմ առիթը, ինձ հարգում էին այդ թաղամասում: Բոլորը գիտեն, թե մարդու ինչ տեսակ եմ, չկա մեկը, որ օգնած չլինեմ: Չեմ հասկանում՝ ինչի համար են սենց իմ ճակատագրի հետ խաղում: Եթե մատով անգամ խփած լինեի՝ այդքան ինքնասիրություն ու ազնվություն ունեմ՝ կասեի՝ խփել եմ: Բայց իմ սիրտը հանգիստ է, որ ես մարդ չեմ սպանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031