Կառավարությունն ընդունել է որոշում Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 198.6 քառ. մետր անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը 98 633 000 դրամ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` ընկերության նպատակային գործունեությունն ապահովելու և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղադրելու նպատակով:
Կառավարությունը որոշել է Լոռու և Տավուշի մարզերի ուսուցչի տներում բնակվող բնակիչներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ լուծելով հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները:
Գործադիրը հաստատել է ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման կարգը: Հարկադիր կատարման և մաքսային ծառայությունների միջև թղթային փաստաթղթաշրջանառությունից անցումն էլեկտրոնային եղանակի կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակ և դրամական միջոցներ:
Գործադիրը հաստատել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, «Արի տուն» 2016թ. ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը: Ծրագրերի նպատակն է նպաստել սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, երիտասարդության հայադարձությանը, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանը:
Կառավարությունը սահմանել է.
– Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը: Որոշման նպատակն է արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված պետական պահուստի արագ արձագանքման պաշարում կուտակմանն ենթակա նյութական արժեքների անվանացանկի և պահանջվող քանակների հստակեցում:
-Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատողների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը: Որոշման արդյունքում մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք հնարավորություն կստանան սահմանված կարգով ձեռք բերել զենք և այն տրամադրել իրենց աշխատակիցներին:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ