Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով:
Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594,3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574,55 տոննա կալիումական պարարտանյութեր:
Կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ կբավարարվի հանրապետության 6 մարզի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի համար, կբարձրանա կոոպերատիվների կանոնադրական գործունեության արդյունավետությունը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ