Վալերի Պերմյակովի գործով դատարանը լսեց շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանին: Տիկինը պատմեց, որ սկզբում դիսպետչերն իրենց հայտնել է, որ գազի թունավորման դեպք կա: Իրենք գնացել են Մյասնիկյան փողոց, դիմավորող չի եղել, գտել են տունը ու ներս մտել:
«Բացեցի դուռը, շատ մութ էր: Ինձ մոտ լապտեր կար: Մահճակալին պառկած մի կին տեսա, մոտեցա, տեսա այտին արյան հետքեր: Հետո բացեցի մյուս սենյակի դուռը: Տեսա մի կնոջ՝ անկողնու մեջ պառկած, նրանից քիչ հեռու՝ տղամարդու: Ձեռք տվեցի, տեսա սառն էին: Մտա երրորդ սենյակ: Գետնին ընկած էր մի վիրավոր տղամարդ: Անկողնու մեջ տեսա մի կնոջ՝ մազերը գզգզված: Նկատեցի, որ վզի հատվածում շատ արյուն էր: Մոտեցա, ասեցի տեսնեմ ինչ է եղել, որտեղն է վնասված: Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում: Տեսա, որ շնչում է, հանեցի դուրս: Շապիկով էր: Շապիկը մի կողմ տարա, տեսա մարմնի վրա կտրած վերքեր էին: Անմիջապես զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն զանգ տա, քանի որ երեխային պիտի տանեինք հիվանդանոց: 12.15 րոպեին եղել ենք հիվանդանոցում»: Հարցին, թե առանց բժշկի՞ են գնացել, բուժքույրն ասաց, որ սովորաբար բժշկով են գնում, բայց այդ պահին եղել է առանց բժշկի:
Հարցին՝ երեխայի մարմնի ո՞ր մասում էին կտրող-ծակող վերքերը, բուժքույրն ասաց, որ տեսել է երեխային մեջքի վրա ու մարմնով սարսուռ է անցել: Մանրամասն չի հիշում, թե երեխայի մարմնի որ մասերին էին վերքերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ