Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանի գնահատմամբ՝ վերջին ժամանակներում իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է սրվել: Ավելի են խորացել Արևմուտք-Արևելք հակասությունները: Եվ սրանց ֆոնին, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, շարունակում են ձևավորվել արևելամետ ու արևմտամետ բլոկին հարող ուժեր. «Եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա կարող ենք նշել, որ Սիրիայում բավականին մեծ հաջողությունների են հասնում ռուսամետ ուժերը: Սիրիայի հարավային և հյուսիսային մասերում շարունակում է աճել ռուսամետ ուժերի, գլխավորապես քրդերի ազդեցությունը, որը շատ հաճախ առաջացնում է թուրքական իշխանությունների դժգոհությունը: Թուրքիայի նախագահն ու վարչապետը մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսում ռուսական ազդեցության ուժեղացման հետ կապված»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մուշեղ Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ գնալով ավելի են սրվում ռուս-թուրքական հարաբերությունները. «Թերևս կարող ենք հիշատակել Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ պատժամիջոցները տարածվելու են նաև թուրքական շինարարական ընկերությունների վրա: Դա ենթադրում է, որ թուրքական շինարարական ընկերությունները ևս մոտ ապագայում ամբողջովին կդադարեցնեն իրենց գործունեությունը Ռուսաստանում: Թուրքիան էլ իր հերթին է դիմում համապատասխան գործողությունների՝ մեծ հարկեր սահմանելով Թուրքիայում գործունեություն ծավալող ռուսական ընկերությունների վրա: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում ռուս-թուրքական հարաբերություններում որևէ ջերմացում պետք չէ ակնկալել»,- նշեց թուրքագետը:
Դրությունն էլ ավելի է լարվել Ադրբեջանում. «Արդեն մեկ ամսից ավելի է, որ նավթի գինը քառասուն դոլարից չի բարձրանում: Դա նշանակում է, որ մոտ ապագայում ևս մանաթը կշարունակի արժեզրկված մնալ: Պատահական չէ Ալիևի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, որ պետք չէ 2016 թվականը համարել լավատեսական տարի»,- ասաց Մ. Խուդավերդյանը:
Տարածաշրջանային փորձագետն անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին, համագործակցության հնարավորություններին. «Ինչպես տեսանք, վերջերս ռուս-վրացական հարաբերություններում փակուղային իրավիճակ էր ստեղծվել՝ Վրաստանի տարածքով Հայաստանին գազ մատակարարելու շուրջ: Ռուսական կողմը նշել էր, որ այն կարող է իրականացվել Իրանի միջոցով: Դա նշանակում է, որ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին առաջիկայում բավականին արդյունավետ կդառնա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով:
Հայաստանն Իրանի համար շատ ավելի վստահելի երկիր է, քան, ասենք, Թուրքիան ու Ադրբեջանը: Այնպես որ, Հայաստանի և Իրանի միջև ցանկացած տնտեսական, քաղաքական համագործակցության տեսլական բավականին իրական է»,- կարծում է Մ. Խուդավերդյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ