Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Այնպիսի տպավորություն է, թե մենք պարտքերի հաշվին միշտ ճանապարհ ենք կառուցում». (Տեսանյութ)

Հունվար 29,2016 16:10

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» կոչվող վարկային համաձայնագիրը, որը կնքվել է ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ:

40 մլն ԱՄՆ դոլար վարկով նախատեսվում է կառուցել շուրջ 130 կմ գյուղական ճանապարհներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Դուք երաշխիքային սպասարկման 1 տարվա ժամկետի մասին եք խոսում: Ճանապարհաշինության որակի հետ կապված միշտ հանրությունը հարցեր է ունեցել, որոնց պատասխանը չի ստացել: Որակի հետ կապված վերլուծություն արվե՞լ է: Ենթադրենք, վարկ եք վերցնում եւ ճանապարհ է կառուցվում, հաջորդ անգամ մենք ե՞րբ իրավունք ունենք վարկ վերցնենք եւ ճանապարհաշինություն անենք: Այնպիսի տպավորություն է, թե մենք պարտքերի հաշվին միշտ ճանապարհ ենք կառուցում»:

Փոխնախարարը պատասխանեց. «Նույնիսկ ավելի լավ տնտեսական վիճակ ունեցող երկրները վարկային միջոցներով են խոշոր ծրագրեր իրականացնում, քանի որ երկարաժամկետ շահագործմանն են ուղղված: Այս տարի 3 մլրդ դրամի միջոցներ են նախատեսված ճանապարհաշինության համար պետբյուջեով, մնացածը վարկային միջոցներով է: Ինչ վերաբերում է շահագործմանը, ասֆալտբետոնյա ծածկը շահագործվում է 10-15 տարի: Երբ վերին շերտերը վերանորոգում են, եւս 10 տարի շահագործվում է: Իսկ բետոնյա ծածկի շահագործումը 25-30 տարի է՝ կախված շահագործման ինտենսիվությունից:

Հյուսիս-Հարավ ճանապարհների հարցը ի՞նչ պարզվեց, ասում էիք, որ ճանապարհաշինությունից հետո որակը վերլուծություն կանեք, կպարզեք: Կամուրջների հատվածում արագություն որ լինում է, ասում էիք, որ անսպասելի է, որ այդպիսի դարուփոսեր են լինում, դրա՞նք ինչ եք անելու»:

Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Դեկտեմբերի 25-ին բացել ենք երկկողմանի երթեւեկությունը եւ մեկնարկել ենք թեստավորման աշխատանքները: Այո, առկա են որոշակի թերացումներ, ասֆալտի կարերի խնդիրը շատ հեշտ է լուծվում, բետոնինը մի քիչ ավելի բարդ է: Այնտեղ ճաքեր կան, ստուգում են սարքով, եթե ճաքը 30 տոկոսից ավելի է բետոնի ընդհանուր շերտի մեջ, ամբողջը պետք է փոխվի: Հիմնական հետազոտություններ արել ենք, կապալառուին ասել ենք, որ պետք է թերությունները վերացնի: Թե կապալառուն կտուգանվի,ինչ կլինի՝ մայիսին կներկայացնենք»:

Փաշինյանն արձագանքեց. «Ճի՞շտ հասկացա, որ մենք շտապել ենք այդ ճանապարհի բացումն անելով, որովհետեւ ըստ էության դեռ աշխատանքները փաստորեն ավարտված չեն»:

Փոխնախարարն էլ պատասխանեց. «Ճանապարհը պատրաստ է շահագործման, որեւէ շտապելու հարց չկա»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Երբ վարկ ենք վերցնում, ասում եք՝ ռազմավարական ներդրում ենք անում: Երբ հարցնում ենք՝ ինչքանով են դրանք տեւական, ի հայտ են գալիս խնդիրներ: Ճանապարհ կառուցելու հնարավորություն մենք չունենք, 80 տոկոսն, ըստ էության, արտաքին ռեսուրսների հաշվին է, հետո երբ պետք է որակը պահպանվի, պարզվում է նաեւ սպասարկման ռեսուրս չունենք, արդյունքում էլի պիտի նոր վարկ վերցնենք ու որակն ապահովենք:

Հարց է առաջանում՝ խթանը ո՞րն է այս վարկերը վերցնելու»:

Նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու:

https://www.youtube.com/watch?v=zI_xI0ZqLFY&feature=youtu.be

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031