Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2015 թվականին ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը նվազել է

Հունվար 29,2016 15:49

«Ամուսնության դեպքերը 2015 թվականին կազմել են 17 603 դեպք, դրանք նախորդ տարվա համեմատ նվազել են 6.9 տոկոսով»,- հունվարի 29-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նշեց, որ ամուսնության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի մարզում, բարձր ցուցանիշներ են գրանցել նաեւ Կոտայքի մարզում եւ Երեւանում: Մնացած մարզերը միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ են գրանցել, իսկ ամենացածր ցուցանիշը գրանցել են Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերը: Կարինե Կույումջյանը նշեց, որ ամուսնությունների միջին տարիքի աճ է արձանագրվել՝ տղամարդկանց մոտ՝ 30.8 տարի, իսկ կանանցը՝ 28.3. «Առաջին անգամ ամուսնացողներինը մի քիչ ավելի ցածր է 29.4 տարի տղամարդունն է, 26.3-ը՝ կանանցը: Ընդ որում, եթե գյուղ-քաղաք տարբերակով ենք դիտարկում, ասեմ, որ քաղաքում մի քիչ ավելի բարձր է, քան գյուղում»:

Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2015 թվականի ընթացքում արձանագրվել է նաեւ 3669 ամուսնալուծության դեպք. «Դրանք եւս նվազել են նախորդ ժամանակաշրջանի համեմատ, այսինքն՝ 2014 թվականի համեմատ, երբ ունեինք 4496 ամուսնալուծության դեպք: Նվազումը կազմել է 18.4 տոկոս: Ինչպես միշտ՝ ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշն ունենք Լոռու մարզում, քիչ ավելի բարձր, քան միջին հանրապետականը ունենք Երեւանում, մնացած բոլոր մարզերում ամուսնալուծության գործակիցները ավելի ցածր են, քան հանրապետականը: Ընդ որում, ամենացածր ցուցանիշն ունեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերը»:

Նա նշեց, որ ամուսնալուծությունների մեծ մասը 20 տարի եւ ավելի համատեղ կյանքից հետո է գրանցվել, այնուհետեւ մեծ թիվ են կազմում 1-4 տարվա համատեղ կյանքից հետո գրանցված ամուսնալուծությունները:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031