Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վիճաբանություն եղավ պատգամավորների միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ կառավարության բերած վարկային նոր համաձայնագիրը դրական եզրակացությամբ ընդգրկում են ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, այն դեպքում, երբ ՀՀԿ-ական 4 պատգամավոր էր կողմ քվեարկել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ իրենց հանձնաժողովն ունի 19 անդամ, իսկ 19-ի ¼-ը 4 չէ, հետեւաբար 4 անդամով չեն կարող որոշումն ընդունել:
Երբ Փաշինյանը վիճում էր Արտակ Զաքարյանի հետ, ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը միջամտեց՝ դիմելով Արտակ Զաքարյանին. «Ա՛յ մարդ, հանձնաժողովի նախագահը դու ես, որոշումը կայացրու, թող գնա բողոքի: Մենք հիմա որոշումը կընդունենք, կգնաս կբողոքարկես»:
Կարդացեք նաև
Փաշինյանը հակադարձեց. «Որոշումը ոչ թե նախագահն է կայացնում, այլ՝ հանձնաժողովը»:
Իսկ Ռազմիկ Զոհրաբյանին նետեց. «Մի րոպե, էդ ի՞նչ խասիաթ ա դու-ով դիմելը, բոլորի հետ դու-ով խոսելը: Նախ, մենք բլոտի ընկեր չենք, որ ինձ հետ դու-ով խոսես: Հետո՝ հանձնաժողովն է կայացնում որոշումները՝ կանոնակարգով սահմանված կարգով: Եթե մեկը հանձնաժողովի նախագահն է, ինքը չի կարող որոշել, որ 19 թվի ¼-րդը 4 է»:
Ռազմիկ Զոհրաբյանն ընդունեց դիտողությունը՝ «Լավ, դուք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ