Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես զերծ մնալ հանրապետությունում տարածված դաբաղի վարակից

Հունվար 29,2016 15:15

Սննդաբան Հասմիկ Աբովյանը հանրապետությունում առայժմ կենդանիների շրջանում տարածված դաբաղ հիվանդությունից զերծ մնալու համար քաղաքացիներին խորհուրդ է տալիս մեծ ուշադրությամբ պահպանել հիգիենայի կանոնները:

«Դաբաղը վիրուսային ինֆեկցիա է, տարածվում է կենդանիներից մարդկանց: Դաբաղով հնարավոր է վարակվել կենդանիների արտաթորանքից, կաթից, հազվադեպ նաեւ մսամթերքից: Կնեդանիներից կարելի է վարակվել, եթե առնչվել ենք նրանց մորթու հետ, վիրուսը երկար պահպանվում է մորթու մեջ: Խորհուրդ եմ տալիս՝ չօգտագործել մսամթերք չստուգված տեղերից, մսամթերք գնելուց առաջ վստահ եղեք, որ սանիտարական ծառայությունները հսկել են նշված վաճառքի կետերը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց մասնագետը:

Ըստ նրա, միջազգային վիճակագրության համաձայն, դաբաղով քաղաքացիները վարակվում են 65 տոկոս հիվանդ կենդանու կաթնամթերքից, մեկ տոկոսը՝ մսամթերքից. «Հարուցիչը երկար ժամանակ մնում է արտաքին միջավայրում, վարակվելու ռիսկը մեծ է, եթե մսին հում վիճակում ձեռք տանք, չլվացված միսը օգտագործենք կամ մսին ձեռք տալուց հետո ձեռքերը չլվանանք ու այլ բաների ձեռք տանք կամ էլ մսի տարան օգտագործենք առանց լվանալու այլ ուտելիքներ պատրաստելիս: Սա բավականին վտանգավոր հիվանդություն է»:

Դաբաղով վարակված միսը, ըստ մասնագետի, արտաքուստ չի երեւում: Նա խորհուրդ տվեց այս շրջանում խուսափել ապխտած մսամթերքից՝ հատկապես բաստուրմայից. «Ապխտած տարբերակով վիրուսը մսից չի անհետանում: Երեսունից հիսուն օր է պետք, որ հարուցիչը մահանա, չարժե ռիսկի դիմել»:

Ինչ վերաբերում է կաթնամթերքին, Հասմիկ Աբովյանը խորհուրդ տվեց կաթը լավ եռացնել. «Կաթի եռալուց հինգ րոպե հետո հարուցիչը վերանում է, պաստերիզացիայից հետո 25-30 րոպե հետո է անհետանում»:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ասաց, որ հիվանդ անասունների համար դեռ պատվաստում չկա:

Նա էլ իր հերթին խորհուրդ տվեց միսը եփելիս, խորովելիս լավ համոզվել, որ լավ եփված է:

Դաբաղով վարակի նախանշանները մարդկանց մոտ արտահայտվում են բարձր ջերմությամբ, տենդով, դուրս է տալիս բերանի, քթի հատվածներում, մատների արանքում, սարսափելի ցավ է առաջանում ու նույնիսկ չեն կարողանում սնվել, զոնդով են սնվում: Մարդուց մարդուն դաբաղը չի անցնում:

Հիշեցնենք, որ դաբաղի տարածման մասին լուրը հանրապետությունում ի հայտ եկավ, երբ ՌԴ-ն մերժեց Հայաստանից արտահանվող որոշ մսամթերքի քանակ ընդունել՝ դաբաղով հիվանդ լինելու պատճառով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031