Վալերի Պերմյակովի գործով դատավարությանը քիչ առաջ ցուցմունք տվեց ամենակարեւոր վկան՝ Ավետիսյանների բակում բնակվող Կարինե Ավետիսյանը, որը սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրն է: Նա աշխատում է Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում որպես գործավար:
Վկայի հարցաքննությունը տեւեց բավական երկար՝ 1 ժամից ավելի: Կարինե Ավետիսյանը դատարանին պատմեց, որ 2015թ. հունվարի 12-ին, առավոտյան 6.20-ին գմփոց է լսել, իրենց թվացել է, թե երկրաշարժ է: Տեղից վեր կենալով՝ վառել է լույսը, տեսել, որ սենյակի լուսամփոփը չի շարժվում: Մտել է մյուս սենյակ, տեսել է, որ այնտեղ եւս լուսամփոփը չի շարժվում: Աչք է գցել պատուհանից դուրս, նկատել է անսովոր մթություն բակում:
Հարցին, թե ի վերջո որտեղի՞ց իմացաք Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին, վկան ասաց, որ իր քույրն է զանգել աշխատանքի վայր ու ասել՝ շուտ արի տուն, Սերոժենց սպանել են:
Վկան պնդում էր, որ առավոտյան 8.20-ին աշխատանքի գնալով, բակում արտասովոր ոչինչ չի տեսել, միայն թաշկինակ է տեսել, մտածել է՝ երեխայինն է: «Ես ոչ մի ձայն չեմ լսել, թե չէ օգնություն կկանչեի, ո՞նց կարող է 7 հոգու սպանեին՝ ես անտարբեր մնայի»,- արդարանում էր վկան:
Կարդացեք նաև
Նա իր ցուցմունքում նշեց, որ 6.20-ին արթնանալով, երեխայի լացի ձայն է լսել, որն այնքան էլ ուժեղ չի եղել: Ըստ նրա՝ «մի թեթեւ եկավ ձայնը, այն էլ երբ ինքը մի պահ դուրս է գնացել հասկանալու՝ երկրաշարժ է եղել, թե ոչ»:
Վերջինիս ցուցմունքը կասկածելի թվաց Ավետիսյանների փաստաբաններին: Փաստաբան Լուսինե Սահակյանը հարցրեց. «Եկեք ճշտենք՝ մեկ ասում եք, որ երեխայի ձայն ընդհանրապես չեք լսել, մեկ ասում եք՝ այնքան էլ ուժեղ չեք լսել, թեթեւ եկավ»:
Վկան դարձյալ հուզվեց, ասելով՝ «Այո, ես թեթեւ եմ լսել ձայնը, այն էլ այն ժամանակ, երբ տնից դուրս եմ եկել մի քանի րոպեով: Եթե ես լսած լինեի, չէի՞ գնա օգնության: Գալիս մեր հայաթ մեզ մորթում են»:
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ասաց՝ «28 կրակոց է եղել ու դուք մի հա՞տ եք լսել»:
Արթուր Սաքունցն էլ հավելեց. «Հասմիկ Ավետիսյանը ժամանակին լսել է անգամ ձեր հազի ձայնը, ինչպե՞ս է, որ դուք չեք լսել ձայները»:
Վկան ասաց, որ այն սենյակում, որտեղ փայտյա պատուհաններ կան, այդտեղից թերեւս հնարավոր է լսել ձայները, ընդ որում՝ միայն ամռանը:
Կարինե Ավետիսյանին հարցրեցին, թե բակում կա՞ ծորակ: Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Վալերի Պերմյակովը ծարավ էր եղել եւ մտել էր Ավետիսյանների տուն ջուր խմելու: Վկան ասաց, որ ամբողջ կյանքում ջուր չեն ունեցել, որ ծորակ էլ ունենային: Նա ասաց, որ «նասոս» են ունեցել, որը պետք է սեղմեին, որ ջուրը գար:
Արթուր Սաքունցը Կարինե Ավետիսյանին հարցրեց՝ «հարեւանների հետ կիսվե՞լ եք գմփոցի մասին եւ կարո՞ղ էր լինել այնպիսի երկրաշարժ, որ միայն դուք իմանայիք»: Վկան պնդում էր, թե որ այդ ձայնը իր մոտ կասկած չի առաջացրել:
Արթուր Սաքունցը հետաքրքրվեց՝ հիմա, երբ գիտեք, որ կրակոցների ձայն է եղել, հիմա է՞լ եք պնդում, որ գմփոցի ձայն եք լսել: Վկան պատասխանեց, որ իր ընկալմամբ դա գմփոց է եղել:
Արթուր Սաքունցը շարունակեց՝ ինքնաձիգի ձայն երբեւէ լսե՞լ եք, պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է: Կարինե Ավետիսյանն ասաց՝ ոչ: Վկան պնդում էր, որ առավոտյան ժամը 8.40-ին, երբ ինքը պատրաստվում էր գնալ աշխատանքի, կասկածելի բան չի նկատել:
Փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշակի հատվածներ, նշելով», որ հակասություններ կան նախաքննական ցուցմունքների եւ դատարանում տրվածների միջեւ: Դրանք մասնավորապես վերաբերում էին դարպասի դռան բաց ու փակ լինելուն: Կարինե Ավետիսյանի պահվածքը բավական ագրեսիվ էր:
Հիշեցնենք, որ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը վերջինիս քննադատել էր անտարբեր լինելու մեջ, հետեւաբար եւ վկան իր ցուցմունքներով ավելի շատ կարծես պաշտպանվում էր:
Կարինե Ավետիսյանը ցուցմունք տալուց հետո վատացավ: Այս պահին դատարանը ընդմիջում է հայտարարել: Ամենայն հավանականությամբ՝ դատարանն այսօր կլսի նաեւ հարեւաններին:
Հավելենք նաեւ, որ փաստաբանները Կարինե Ավետիսյանին հիշեցնում էին, որ վերջինիս ցուցմունքը անչափ կարեւոր է սպանության բացահայտման գործում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ