Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2015թ.-ի զեկույցի՝ գրանցվել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 30 դեպք (նախորդ տարվա 13 դեպքի դիմաց):
Դրանցից մեկը հուլիսի 2-ին iLur.am լրատվական կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ քրեական գործի հարուցումն էր՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու դատարանի որոշումը չկատարելու համար:
«Հուլիսի 24-ին տեղեկացանք, որ դատախազությունը կարճել է քրեական գործը: Լրատվամիջոցը դիմել էր Սահմանադրական դատարան, վերջինս էլ որոշում էր ընդունել, ըստ որի՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն լրագրողից պահանջել տեղեկատվության աղբյուրը բացահայտել: Դա հնարավոր է միայն դատարանի միջոցով»,-«Հենարան» ակումբում լրագրողներին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նման հանգուցալուծումը նա հուսադրող որակեց, սակայն նշեց. «Իրավապահ մարմինները մինչեւ վերջ չեն ընկալել Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 20-ի այդ որոշումը եւ շարունակում են լրագրողներից պահանջել տեղեկատվության աղբյուր բացահայտել: iLur.am-ի հետ կապված գործում լրագրողի իրավունքի խախտումն ակնհայտ էր: Ընդ որում, դատարանը որոշում էր ընդունել էր առանց լրատվամիջոցի ներկայացուցչի, լրատվամիջոցն անգամ չէր ծանուցվել: Այդպիսի հանգամանքներն էլ իրավապահներին ստիպեցին կարճել գործը: Բայց սա չի նշանակում, որ նման դեպքերը չեն կրկնվելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ