Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Պետք չէ ձեռքով կամ մարմնի այլ մասերով խոչընդոտել լրագրողի աշխատանքը» (Տեսանյութ)

Հունվար 29,2016 14:45

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց կազմակերպության 2015թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ 2015թ. գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 (նախորդ տարվա 9 դեպքի դիմաց), ճնշումների 67 (նախորդ տարվա 43 դեպքի դիմաց), տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 30 դեպք (նախորդ տարվա 13 դեպքի դիմաց):

«Կոմիտեի 13 տարվա գործունեության ընթացքում երբեւէ նման հաստափոր՝ 82 էջանոց զեկույց չի եղել: Սա պայմանավորված է նրանով, որ բարդ եւ լարված ժամանակահատված էր լրագրողների համար՝ խոչընդոտներ, ֆիզիկական բռնություններ: Բավական է հիշել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ցույցը ցրելիս ոստիկանները բռնության ենթարկեցին լրագրողներին: Այդ միջադեպն աննախադեպ է իր ծավալներով: Ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող եւ օպերատոր, 11-ի գործունեությունն էլ այլ կերպ է խոչընդոտվել, օրինակ՝ տեխնիկան կոտրելով»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նա համոզված է, որ նշյալ դեպքերի հիման վրա հարուցված քրեական գործերն ի վերջո կարճվելու են. «Ովքեր խոչընդոտում են լրագրողների գործունեությանը, համոզված են, որ պատասխանատվության չեն ենթարկվելու, դրա համար էլ ազատություն են տալիս ձեռքերին եւ լեզվին: Լրատվամիջոցները հետեւողականորեն չեն պայքարում իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հաճախ են ասում՝ ոչ ժամանակ ունենք, ոչ էլ հավես… Փաստորեն, գնալով խոչընդոտողները՝ պատգամավորները, իրավապահները շատ ավելի լկտիաբար են խախտում լրագրողների իրավունքները»:

Մելիքյանը նկատել է, որ լրագրողներն «իմունիտետ» են ձեռք բերել եւ որոշ դեպքեր անգամ չեն դիտարկում որպես բռնություն. «Օրինակ՝ սահմանադրական հանրաքվեի օրը լրագրողներից մեկի հետ պատահած դեպքը: Այսինքն, տեսախցիկը ձեռքից վերցնելը եւ թափ տալը ֆիզիկական բռնություն չէ: Կարելի է ենթադրել, որ մինչեւ կապտուկներ չլինեն՝ բռնություն չի համարվի: Տասը տարի առաջ եթե լրագրողը ձայնագրիչն առաջ տաներ եւ նրա ձեռքին հարվածեին, դա ֆիզիկական բռնություն կդիտարկվեր: Ցանկացած սուր հարց պատասխան ունի, պետք չէ ձեռքով կամ մարմնի այլ մասերով խոչընդոտել լրագրողի աշխատանքը»:

Բանախոսի դիտարկմամբ՝ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների գործը կհասնի միջազգային տարբեր ատյաններ. «Մեր երկրի ներսում չկա ավանդույթ՝ լրատվամիջոցին խոչընդոտող անձին պատասխանատվության ենթարկելու: Անպատժելիության մթնոլորտը լրագրողների հանդեպ նոր հանցագործություններ է ծնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031