Այսօր կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կգնահատի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում հակահայկական բանաձեւերից մեկի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», այսինքն Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւի ընդունումը, փոխնախարարն ասաց, որ նորմալ է գնահատում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը:
Հարցին՝ ինչո՞ւ ԱԳՆ-ն պաշտոնական արձագանք չի տալիս ԵԽԽՎ նիստում տեղի ունեցածին, Քոչարյանն ասաց, որ արձագանքել են. «Ես 2 անգամ իմ միկրոբլոգում արձագանքել եմ»: Քոչարյանը նկատի ունի Twitter-ում արած իր հետեւյալ գրառումը՝ «Սարսանգի ջրամբարի բանաձեւը ջուր է լցում ադրբեջանական քարոզչական ջրաղացին, որի նպատակն է ԼՂ խաղաղ բանակցային գործընթացի տապալումը»:
Մի՞թե ԱԳՆ պաշտոնական արձագանքը պետք է սահմանափակվի փոխնախարարի անձնական միկրոբլոգում կատարած գրառմամբ, այս եւ այլ հարցերի Քոչարյանը չարձագանքեց եւ շտապ հեռացավ կառավարության շենքից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ