«2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մշտական բնակչության քանակի ցուցանիշը կազմել է 2 998 600 մարդ, նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 10 հազարով»,- հունվարի 29-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ 2015 թվականի ընթացքում կենդանի ծնվածների ցուցանիշը կազմել է 41 815 մարդ, 2014 թվականի համեմատությամբ ցուցանիշը 2.8 տոկոսով նվազել է. «Եթե մենք դիտարկենք ծնելիության ցուցանիշը մարզային կտրվածքով, ապա պիտի ասենք, որ ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Երեւան քաղաքում, կազմել է 14.9 տոկոս: Բարձր ցուցանիշներ նաեւ արձանագրվել են Արարատի մարզում, Շիրակի եւ Կոտայքի մարզերում: Մնացած բոլոր մարզերում արձանագրվել է միջին հանրապետական ցուցանիշից ավելի նվազ ցուցանիշներ, եւ նվազագույն ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում, ծնելիության տոկոսը կազմել է 10.2 տոկոս»:
Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2015 թվականի ընթացքում արձանագրվել է 27 835 մահվան դեպք. «Եթե դիտարկենք մահացության ցուցանիշը մարզային կտրվածքով, պետք է ասենք, որ միջին հանրապետականից ամենաբարձր ցուցանիշը եղել է Լոռու մարզում: Միջին հանրապետականից բարձր մահացության ցուցանիշներ են արձանագրվել նաեւ Տավուշի մարզում, Շիրակի մարզում եւ Վայոց ձորի մարզում: Իսկ միջին հանրապետականից ցածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքի մարզում: Մնացած բոլոր մարզերում միջին հանրապետականից ցածր ցուցանիշներ են»:
Իսկ բնական հավելաճի ցուցանիշը՝ ծնունդների եւ մահերի տարբերությունը, կազմել է 13 980 մարդ. «Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրել, քանի որ նվազել էր ծնելիության ցուցանիշը, իսկ մահացության ցուցանիշում ունեինք որոշակի աճ: Նվազումը կազմել է 8.7 տոկոս: Ընդհանուր առմամբ՝ բնական աճի գործակիցները հանրապետության մասշտաբով բոլորը դրական են, զրոյական ցուցանիշ ունենք միայն Տավուշում, որտեղ ծնունդները եւ մահերը հավասար ցուցանիշներ են արձանագրել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ