ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կրկին հետաձգվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:
Այս նախագիծն ամիսներ առաջ հետաձգվել էր:
Հիշեցնենք, այդ նիստին Զարուհի Փոստանջյանը հրավիրել էր նաեւ զոհված զինծառայողների ծնողներին, ինչը միանշանակ չընկալվեց հանձնաժողովի անդամների կողմից: «Ձեր կողմից այս քայլը բարոյական չէ, ես զոհված զինծառայողների ծնողներին հարգելով եմ ներս թողնում»,- իր զայրույթն էր բարձրաձայնել հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Կարդացեք նաև
Նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի որոշ դիտողություններից հետո, Զարուհի Փոստանջյանը համաձայնել էր հետաձգել հարցի քննարկումըˋ մինչև մեկ տարի ժամկետով:
Այսօր, հարցը կրկին հետաձգելու պատճառն այն էր, որ ԱԺ նախագահի միջնորդությամբ հանձնաժողովի անդամները բավական հարցեր են ուղղել պատկան մարմիններին եւ ստացել են ծավալուն տեղեկանք, ինչը ուսումնասիրության, քննարկումների կարիք ունի: Համաձայնություն ձեռք բերվեց դա անել երկուշաբթի օրը`զոհված զինվորների ծնողների մասնակցությամբ:
Ի դեպ, իր ելույթում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պայմանավորվածություն է եղել Գագիկ Ջհանգիրյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ, որպեսզի վերջիններս առաջարկություններ ներկայացնեն: Բայց, չեն ներկայացրել: Դա բարկացրեց Գագիկ Ջհանգիրյանին: Նա հիշեցրեց, որ պայմանավորվել են, որպեսզի Զարուհի Փոստանջյանը զանգահարի եւ համատեղ աշխատեն, իսկ վերջինս, այդպես էլ չի զանգահարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ