«Դաշնակցությունը մեր սովորական քաղաքական կուսակցություններից չէ, Դաշնակցությունը համահայկական կառույց է»,- հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նա համարում է, որ ներկայիս իրավիճակում անհրաժեշտ է Դաշնակցության եւ իշխանության համագործակցությունը: Ըստ պրն Հակոբյանի, պետք է գիտակցել, թե կան մարտահրավերներ, որ մենք չէ, որ ստեղծել ենք, բայց մենք պարտավոր ենք պատասխան տալ. «Դաշնակցության նման կուսակցությունը, անկախ քննադատություններից, ինքը զուտ համահայկական շահերից ելնելով պետք է համագործակցի: Ինչ ձեւաչափով պիտի լինի կամ երբ դա կլինի, դա ժամանակը ցույց կտա եւ Դաշնակցությունը ինքը, թո՛ղ իշխող կուսակցության հետ որոշի: Բայց իրավիճակն այդպիսին է, որ ոչ միայն Դաշնակցության պարագայում, ես կարծում եմ՝ շռայլություն կլինի, որ մեր ռեսուրսները չկոորդինացնենք, չմեկտեղենք, որովհետեւ մարտահրավերները չափից դուրս լուրջ են, եւ կարող ենք ոչ միայն վատ արդյունք ունենանք, լավ աշխատելու դեպքում կարող ենք օգտվել ստեղծված իրավիճակից»:
Հարցին, եթե ինքն առաջարկ ստանա, ապա պատրա՞ստ է համագործակցել իշխանությունների հետ, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես եթե ունենամ այն հնարավորությունը, որը իսկապես կարող է պետությանը օգուտ բերել, որեւէ առաջարկության դեպքում կքննարկեմ: Պետք է ինքնանպատակ չլինի համագործակցությունը եւ կոնկրետ համագործակցության մեջ հստակ լինի, թե ինչի համար եմ համագործակցում եւ դրանից ինչ կշահի պետությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ