«Ասեք` որոշել եք «դե՞մ», թե՞ «ձեռնպահ», իմանամ`ջղայնացնե՞մ, թե` չէ, քանի որ ձեր հանձնաժողովի անդամները ձեր ջղայնությանը համապատասխան են քվեարկում»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին դիմեց հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը: Քննարկվում էր պատգամավորի մեկ այլ առաջարկն այն մասին, որ պատգամավորը յուրաքանչյուր քառօրյա նիստերի ընթացում Կառավարությանը կարող է դիմել մեկական գրավոր եւ բանավոր հարցով:
Հիշեցնենք, Հովհաննես Սահակյանի բարկանալու արդյունքում, պատգամավորի առաջարկը`քաղաքացիների ընդունելությունը ամիսը մեկ անգամ, պատգամավորների համար սահմանել իմպերատիվ նորմ`մերժվեց:
Հարցի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը գտնում է, որ այսպիսով առաջարկվում է քաղաքական մեծամասնությանը կառավարությանը հարցեր տալու հնարավորությունից ընդհանրապես զրկել, մինչդեռ այժմ գոնե գրավոր հարցերի միջոցով է դա կարգավորվում:
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարծում է, կառավարությանը հարցեր տալու ինստիտուտը քաղաքական ընդդիմության համար է, քանի որ կառավարությունը քաղաքական մեծամասնության ուժն է. «Նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները իրար հարցեր են տալիս, որ ի՞նչ: Չէ՞ որ հանդիպում են, տարբեր առիթներով քննարկումներ են ունենում»:
Գագիկ Մելիքյանն անկեղծացավ ու սրտնեղեց. «Միշտ չէ, որ մեզ հաջողվում է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ եւ քննարկումներ ունենալ: Ընդդիմադիր թեւի պատգամավորներն ավելի շատ հնարավորություն են ունենում հանդիպելու կառավարության անդամների հետ»:
Այս անկեղծությունները հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին էլ ստիպեցին անկեղծանալ. «Էդ հարցադրումներով չի, որ հարցերը կարգավորվում են, դա նույնպես հաշվետվողականության ձեւ է: Երբեմն հարցի սրությունը բովանդակության հետ կապ չունի: Մարդիկ ասում են`տեսեք էս պատգամավորը ի՞նչ սուր հարց տվեց: Ընդդիմադիր թեւի պատգամավորները հարց են հնչեցնում, որ ամենալավ շոու ծրագիրը գլուխը պատին է տվել»:
Որպեսզի Հովհաննես Սահակյանը դարձյալ չբարկանա եւ առաջարկը տապալվի, Տիգրան Ուրիխանյանը համաձայնություն ստացավ`հետաձգել հարցը, քննարկել այն ավելի ամբողջական`առաջիկայում մեկնարկելիք ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագծի շրջանակներում, ինչը նոր Սահմանադրությունից է բխում: Այս համաձայնությամբ հետաձգվեցին պատգամավորի այլ առաջարկներ էլ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ