Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին անվտանգության եւ սպառնալիքների դիսկուրսը հայաստանյան մեդիայում 2016-ի նախօրեին

Հունվար 29,2016 12:32

Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն

ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

«Մենք՝ բոլորս, մեդիաածխահոտի պատանդներ ենք, որն ստիպում է հավատալ պատերազմին…, պատերազմի սիմուլյակրը կանգնեցնում է մեր ընթացքը տնային կալանքի նման: Մենք՝ բոլորս, in situ (լատ.`տեղում) ռազմավարական պատանդներ ենք. մեր տեղը հեռուստացույցի էկրանն է, որտեղ ամեն օր ենթարկվում ենք վիրտուալ ռմբահարման»:

Հայտնի փիլիսոփա և մշակութաբան Ժան Բոդրիայրի` իրական պատերազմի և դրա մասին սփռվող պատկերների այս նկարագրությունն ընդհուպ մինչև վերջերս կարելի էր համարել «ոչ այստեղ»-ի, «բայց հիմա»-ի իրականության ընկալման դասական մի բանաձև: Մինչդեռ վերջերս վերականգնվել են թեժ ու իրական պատերազմների ժամանակները, որոնց ընթացքի և, առհասարակ, առկայության մասին տարբեր հասարակություններ տարբեր երկրներում իմանում են ոչ միայն տեսանյութերից, այլև, ասենք, սեփական բնակության վայրերում դրանց հետևանքների դրսևորումներից:

Նույնիսկ նախորդ տարեվերջին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները «ոչ այստեղ, բայց հիմա» ընթացող պատերազմի սպառնալիքի իրական դեմքը տեսնելու առումով չունեցան այն ազդեցությունը, որքան տարբեր թեժ երկրներից դեպի իրենց ուղղվող բազմապիսի մարդկային զանգվածները: Չէ՞ որ ահաբեկչական հարձակումներն ունեն ինչ-որ սկիզբ և վերջ, դրանք կարելի է նույնիսկ կոնկրետ թվագրել: Բայց փախստականները երկարատև հանգամանք են, իրենց հետ բերում են ֆինանսական, միջէթնիկական, մենթալային (հոգեկերտվածքային), միջմշակութային, հազար ու մի այլ խորքային խնդիրներ՝ ունակ լինելով խաթարել տասնամյակներով հղկված համակարգերը: Իսկ գլխավորը` նրանք տեղայնացնում են մինչ այդ «ոչ այստեղ»-ի, «բայց հիմա»-ի իրականությունը:

Համաշխարհային այս խառնաշփոթ ու դինամիկ ժամանակահատվածում այս կամ այն սպառնալիքը վերաքննվում ու վերասահմանվում է` ուղեկցվելով երբեմն բևեռային հիմնավորումներով: Մանավանդ, որ ժամանակի առանձնահատկության և ինտերնետ մեծ հասանելիության շնորհիվ հայաստանյան դիտակետից նույնիսկ աշխարհի ծայրում կատարվող իրադարձություններն էլ են ընկալվում էմոցիոնալ ալիքի վրա` թողնելով «հիմա վտանգավոր է ամեն տեղ» չոր մնացորդը:

Հիմա իրավիճակն այլ է: Պատերազմը, որպես աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու ներքաղաքական հարցեր լուծելու եղանակ, միջազգայնորեն ապաքրեականացվել է, և հայտնի չէ, թե երբ են հաստատվելու, այսպես կոչված, միջազգային նոր կարգերը: Իսկ երկու զարգացումները (հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, ըստ էության, 20-ամյա հրադադարի ռեժիմի տապալումը և ռուս-թուրքական քաղաքական հարաբերությունների սրացումը) արդեն էապես խտացրել են մինչ այդ կողքից դիտարկվող գործընթացները` հանրային դիսկուրսում մնացյալի համեմատ աննախադեպ ակտուալացնելով անվտանգության խնդիրները:

2015թ. հատկապես երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմաններում տեղի ունեցող բախումները, որոնք արդեն ոչ թե առանձին փոխհրաձգություններ, այլ պատերազմական ամբողջական գործողություններ էին հիշեցնում, հայկական հանրային դիսկուրսում մարգինալացրեցին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մինչ այդ տարածված թեզը: Իսկ հրադադարի ռեժիմի մեծ հաշվով հաջող պահպանման պայմաններում քաղաքական բանակցություններից ունեցած սպասելիքները դարձան քաղաքական ռոմանտիզմի դրսևորում: Եվ սա, հավանաբար, ադրբեջանական կողմի քարոզչական, բայց ոչ ռազմավարական և իրական քաղաքական ձեռքբերումը կարելի է համարել:

2015թ. տարեվերջին հայկական և ադրբեջանական կողմերից յուրաքանչյուրում մարտական կորուստների` 2014թ. համեմատ 1,5 անգամ ավելացման արդյունքում մենք ունեցանք մի իրավիճակ, որը բնութագրվեց որպես «գագաթնակետին հասած լարվածություն» (ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան, դեկտեմբերի 9), որպես «պատերազմ, հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք» (ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյան, դեկտեմբերի 22) և որպես «բավականին թեժ փուլում գտնվող հակամարտություն» (ՀԱՊԿ քարտուղար Ն. Բորդյուժա, դեկտեմբերի 28):

Հայկական մոտիվները ռուս-թուրքական սրացման համատեքստում հատկապես ակտիվ սկսեցին շրջանառվել Թուրքիայի կողմից ռուսական «CУ-24»-ի խոցումից (նոյեմբերի 24) հետո՝ առաջին շոկային փուլում: Շոկ, որը ռուսաստանյան ԶԼՄ-ներում դրսևորվում էր հայ-թուրքական գրեթե բոլոր հակասությունների ու ցավոտ լարերի վրայով եռանդուն դեսուդեն անելու տեսքով: Կարծես ռուս-թուրքական նախորդ տարիների բավականին ինտենսիվ մերձեցումն իրականանում էր ոչ թե բացառապես ռուսաստանյան, այլ բացառապես հայկական շահերի հրամայականով, և իբրև թե հայաստանյան կողմում այդ մերձեցումն ընդունվելու էր ողջույնի տեղեկատվական հրավառություններով:

2015թ. նոյեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը գրեթե նույնքան լարվածությամբ ընդունվեց հայկական կողմում, որքան մտահոգիչ է եղել մինչ այդ՝ տարիների ընթացքում արագ տեմպերով արձանագրվող ռուս-թուրքական մերձեցումը: Եվ, եթե այդ մերձեցումը (այն իր գագաթնակետին հասավ 2014թ. դեկտեմբերին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սկսման խորապատկերին կնքված մի շարք երկկողմանի համաձայնագրերով) հայկական կողմին անհանգստացնում էր ռուս-ադրբեջանա-թուրքական քաղաքական հնարավոր դավադրության առումով, ապա ներկայիս սրացումները կարող են Հայաստանը պարզապես վերածել ռուս-թուրքական ռազմական գործողությունների թատերաբեմի: Այս պարագայում բացարձակ անհնարին է դառնալու «ուրիշների պատերազմից ու բախումներից» հեռու մնալը, ինչը Հայաստանին հաջողվում էր նախորդ տարիներին (08.08.08թ. ռուս-վրացական, 2014թ. ռուս-ուկրաինական պատերազմները):

Ընդ որում, եթե մինչև 2015թ. նոյեմբերը Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցությունը հնարավոր էր, այսպես կոչված, երկրորդական դիրքերից (Թուրքիան հանդես էր գալու որպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի դուրս եկած Ադրբեջանի ռազմավարական ու եղբայրական պետություն), ապա ռուս-թուրքական հարաբերությունների առավել սրացման պարագայում Թուրքիան կարող է վերածվել Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնող առաջին դերակատարի:

Հայ-ռուսական համատեղ օդային պաշտպանության նոր փաստաթղթերը, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից կնքվեցին անցած տարվա դեկտեմբերին, առայժմ ոչ թե փարատում, այլ ավելի են ամրացնում սեփական (Ղարաբաղյան) պատերազմին ուրիշի (ռուս-թուրքական) խժդժությունները գումարելու մտավախությունը:

Կա ևս մեկ հետաքրքիր մետամորֆոզ. այն կապված է կոլեկտիվ անվտանգության համակարգերի հետ: Այդ նույն տարվա դեկտեմբերին հայկական հանրության աչքերում ՀԱՊԿ-ի խայտառակ ու երևի թե վերջնական անկման խորապատկերին ՆԱՏՕ-ն առայժմ պահպանում է Թուրքիային զսպող ուժի իր նախկին համբավը:

Ի վերջո, ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրացման դեպքում հենց ՆԱՏՕ-ն է պարտավոր լինելու հանդես գալ ռուսական բանակի դեմ: Մերձավորարևելյան վերջին զարգացումները, առաջին հերթին՝ Իրանի միջազգային ազատականացումը, ցույց են տալիս, որ նման անհրաժեշտությունը ՆԱՏՕ-ի համար վերջին տարբերակ է համարվել:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031