Լրահոս
Օրվա լրահոսը

Տապալվեց Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը

Հունվար 29,2016 12:27

«Հետեւանքը ո՞րն է, եթե որեւէ պատգամավոր առաջարկում է անդամահատել որեւէ մեկի ոտքը կամ մարմնի այլ մաս: Ի՞նչ եք անում: Կգամեք անարգանքի սյունին եւ կդատափետեք»,- նման պատասխան տվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը`հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: Հանձնաժողովում այսօր քննարկվում էր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը`ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ անելու մասին:

Պատգամավորն առաջարկում է պատգամավորների համար քաղաքացիների ընդունելությունը իմպերատիվ պահանջ դարձնել, մանավանդ, որ պետական գանձարանից ամսեկան հիսուն հազար դրամ է տրամադրվում պատգամավորին`այդ գործի համար: Տրամադրվող գումարը բավարա՞ր է, թե`ոչ, Տիգրան Ուրիխանյանն այլ հարց է համարում:

Հովհաննես Սահակյանը տարակուսանք էր հայտնել`պատգամավորն ամեն օր պիտի հանդիպի, բայց սա իմպերատիվ նորմ դարձնել`ԱԺ պատգամավորի ազատ մանդատի պարագայում`անհասկանալի ու անտրամաբանական է: «Ես դեմ եմ այս նախագծին, դա յուրաքանչյուր պատգամավորի ներքին կոդեքսն է, բայց կքվեարկեմ «ձեռնպահ», որ չստացվի, թե դեմ եմ, որ պատգամավորը հանդիպի իր ընտրողներին»: Նա համամիտ է Լեւոն Մարտիրոսյանի հետ`սա հերթական մեռելածին նորմն է լինելու, ճիշտ այնպես, ինչպես անգամ նախկին Սահմանադրությամբ սահմանված շատ նորմեր, այդ թվում նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Այդ մտահոգությունն ուներ նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. «Մեր մանդատն ազատ է, ո՞նց է սա զուգակցվում դրա հետ: Եթե մեկը չարեց այդ ընդունելությունը`ո՞նց պիտի անենք»:

Հարցի հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանը կարծում է, որ սա նախաձեռնություն է, որը պարտավորեցնում է պատգամավորին լավ պատգամավոր լինել, բայց սրանով որեւէ հարց չենք լուծելու եւ սրանով չէ, որ պարտավորեցնելու ենք պատգամավորին ավելի լավը լինել: «Եթե մենք ունենանք նորմալ քաղաքական համակարգ, ընտրություններ, պատգամավորը կլինի լավը»,- կարծում է նա:

Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ կան մարդիկ, ովքեր տարիներով, ամիսներով չեն հանդիպել իրենց ընտրողների հետ ու նկատեց, որ հաշվետվողականության որեւէ մեխանիզմ չկա: Նա կարծում է, որ նման նորմերով է հարցը կարգավորվում:

Լեւոն Մարտիրոսյանը հակադարձեց. «Հաշվետվողականության մեխանիզմը ընտրություններն են, թող էլ այդ մարդուն էլ չընտրեն»: Լեւոն Մարտիրոսյանը չի մերժում այս առաջարկը, բայց վստահ է`սրանով հարցը չի լուծվում:

Էդմոն Մարուքյանը հնչած կարծիքները, մտահոգությունները կիսում է, բայց նկատում է, որ անգամ նիստերին մասնակցելու հարցը չի կարգավորվում եւ մինչ օրս ոչ ոք մանդատից չի զրկվել նիստերին չմասնակցելու համար:

Հարցի հեղինակ Տիգրան Ուրիխանյանի եզրափակից ելույթը, որտեղ նա շեշտադրում արեց այն հանգամանքի թե իշխանական պատգամավորները երկմտում են այս պարզ հարցի շուրջ, Հովհաննես Սահակյանին ստիպեց վերանայել դիրքորոշումը. «Մենք դեմ ենք պոպուլիստական բոլոր նախաձեռնություններին»:

Արդյունքում`չորս «կողմ», մեկ ձեռնպահ (Գագիկ Ջհանգիրյանն էր), չորս «դեմ» ձայների հարաբերակցությամբ, հարցի ընդգրկումն առաջիկա քառօրյայի օրակարգ մերժվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031