Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամփոփել է 2015-ը: Ըստ վիճակագրության` 2015-ին գրանցվել է 64.850 բողոք: Բողոքների թիվը նախորդ տարվա համեմատ 7 տոկոսով նվազել է: 2014-ին գրանցվել էր 69.900 բողոք:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտող երկրների ցուցակը գլխավորում է Ռուսաստանը` 109 վճիռ, երկրորդ հորիզոնականում է Թուրքիան` 79 վճիռ, երրորդում` Ռումինիան` 72, այնուհետև Ուկրաինան` 50 վճռով:
2015-ին Եվրոպական դատարանն, ընդհանուր առմամբ, կայացրել է 823 վճիռ, որոնցից 692-ում` 84 տոկոսում, առկա է եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նվազագույնը մեկ խախտում:
ՄԻԵԴ-ը ներկայացնում է նաև Հայաստանի մասին վիճակագրություն: Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ը 2015-ին կայացրել է 8 վճիռ, որոնցից յուրաքանչյուրում առկա է եղել Կոնվենցիայի նվազագույնը մեկ խախտում: Այս տարի ՀՀ-ի դեմ կայացված վճիռներն ավելին են, քան 2014-ին, երբ ՀՀ-ի վերաբերյալ կայացվել էր 4 վճիռ: Հայաստանի դեմ կայացված վճիռների մեծամասնությունում` 5-ում, առկա է եղել արդար դատավարության իրավունքի խախտում:
Կարդացեք նաև
Նշենք, որ ՄԻԵԴ-ը 2015-ին ամենից շատ բողոքներ է ստացել Ուկրաինայից (24%), Ռուսաստանից (14.2%), Թուրքիայից(13%):
Բնակչության թվի հետ համեմատած` Հայաստանից ստացված բողոքների վիճակագրությունը հետևյալն է`10.000 անձին 0.40 բողոք, որը համեմատելի է Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Ռուսաստանից ստացված ցուցանիշի հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ