Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ կարծում է, որ կերպարվեստի ոլորտում պետական մրցանակ չշնորհելը որեւէ առնչություն չունի մեր երկրում կերպարվեստի վիճակի հետ:
-Պարզ է, որ պետական մրցանակը պետության կողմից տրվող մրցանակ է՝ խրախուսելու մեր արվեստագետներին: Սակայն դա հարցի մի կողմն է: Ընդ որում՝ հնարավոր է, որ իսկապես մրցանակի արժանի գործ չի եղել, բայց նաեւ հարց է, թե արժանի լինել-չլինելը ով է գնահատում:
Իսկ հանձնախմբի անդամները նույն կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, ովքեր իրենց սուբյեկտիվ կարծիքներն ունեն ամեն մեկի ստեղծագործության վերաբերյալ: Որքան էլ չուզենանք անձնավորել, դա, անկախ մեր կամքից, գոյություն ունի, այն շատ կարեւոր հանգամանք է հատկապես Հայաստանում: Եվ դա չես կարող հաշվի չառնել:
Մինչդեռ այլ երկրներում դա որեւէ նշանակություն չունի: Դրանում համոզվել եմ արտասահմանում մրցույթների մասնակցելով, մրցանակներ ստանալով (անցյալ տարի, օրինակ, Իսպանիայում հատուկ մրցանակ ստացա՝ գրան պրի): Այսինքն՝ այնտեղ ոչ մի անձնավորում, սուբյեկտիվիզմ չկա, աշխատանքն է գնահատվում:
Բայց մի երկու անգամ ես էլ գործ եմ ներկայացրել եւ զգացել, որ մրցանակ ստանալու գաղտնիքը ուրիշ տեղ պետք է փնտրել: Ամենակարեւորը պետք է լինեն չափանիշները, իսկ Հայաստանում անընդհատ պետք է մտածես հանձնախմբում կամ էլ վերեւներում մարդ ունենալու մասին: Ցավոք, չենք կարող պայքարել այդ շատ լուրջ խնդրի դեմ:
Ես, օրինակ, չեմ կարող ասել, թե ինչու կերպարվեստի ոլորտին պետական մրցանակ չտվեցին, որովհետեւ այսօր բոլորն էլ, անկախ արժանի կամ ոչ արժանի լինելուց, ուզում են կոչում ու մրցանակ ստանալ: Ու հաճախ այնպիսի մարդիկ են դրանք ստանում, որ զարմանում ես, քանի որ նրանց գրեթե ոչ ոք չի ճանաչում:
Կարդացեք նաև
Մինչդեռ պետական մրցանակ ստացող մարդու անունը լսելով՝ ժողովուրդը, հասարակությունը պետք է ասի. «Հա՛, այդ մարդն իրոք արժանի է մրցանակի»: Բայց նման բան չկա, ամեն ինչ հիմնված է կարծիքի, ընկալման վրա: Եվ սրանք մեր կյանքի օրենքներն են: Ուրեմն եկեք կյանքը փոխենք:
Եվ ընդհանրապես պետք չէ մտածել, թե պետական մրցանակ ստանալն է որոշում որեւէ ստեղծագործության լավ լինելը: Նման բան գոյություն չունի: Պարգեւների, տարբեր մրցանակների արժանացած բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ նկարիչներ կան, որոնց այսօր գրեթե ոչ ոք չի հիշում: Իսկ, օրինակ, Համո Սահյանը չուներ պետական մրցանակ, բայց նա մեր լավագույն բանաստեղծներից է, չէ՞:
Եվ այդ մրցանակները, իմ կարծիքով, սուտ բաներ են, մանավանդ եթե հաշվի ենք առնում նաեւ այն հանգամանքը, որ դրանց չափանիշները, նշաձողը չափազանց իջել է: Եվ ով ինչ ստեղծում է, անմիջապես ուզում է մրցանակի ներկայացնել՝ հաշվի չառնելով, թե դա ընդհանուրի մեջ ինչ զարգացում է ապրել, ուր է տանում մեր կերպարվեստը, մեր քանդակագործությունը:
Օրինակ, ես շատ մտահոգված եմ քանդակագործության ճակատագրով. այնտեղ զուտ կինոյի կադրեր են, ինչ-որ մեկի նկատմամբ սիրո, մյուսի նկատմամբ ատելության դրսեւորումներ:
Բայց դա առանձին խոսակցության թեմա է:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում