«Ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եմ եւ շատ լավ տեղեկացված եմ յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել եւ իմ անձնական հսկողության տակ է։ Ստուգումներ եղել են, նրա նկատմամբ որեւէ բռնաճնշում չի եղել»,- այս մասին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումների մասին հրապարակումներին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանը սկզբում որոշ դժգոհություններ է ունեցել բանտախցի հետ կապված. «Թե դիտորդական խումբը, թե իրավապաշտպան կազմակերպություններն այցելել են նրան, նրա հետ զրուցել են։ Նա ասել է, որ ամեն ինչ իր մոտ նորմալ է եւ եթե այդպես ամեն ինչ լինի, խնդիր չի լինի։ Մինչ այս պահը, եթե չեմ սխալվում, դժգոհություններ չկան»։
Լրագրողների հիշեցմանը, որ Գեւորգ Սաֆարյանը հայտարարում էր, թե քրեական տարրերն իրեն ճնշում եւ բռնության են ենթարկում, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Երբ ինքը հայտարարում է հացադուլի վերաբերյալ, միջազգային չափանիշներին համապատասխանում է նրան մեկուսացնելը, որովհետեւ անմարդկային վերաբերմունք է դիտարկվում, երբ հացադուլ հայտարարած անձը գտնվում է մի խցում այն անձանց հետ, որոնք հացադուլ չեն հայտարարել»։
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ