Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում կառավարության կառուցվածքում. «Հայոց աշխարհ»

Հունվար 29,2016 11:06

Ստեղծված ֆինանսական ու տնտեսական վիճակը ստիպում է կառավարությանը մտածել գործադիր իշխանության օպտիմալացման մասին։ Որ նման խնդիր այժմ քննարկում է կառավարությունը, նախորդ օրը հաստատեց նաեւ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ըստ նրա, «այդ հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է, եւ նա դրան անդրադառնալու է»։

Թե ի՞նչ կոնկրետ փոփոխություններ են սպասվում կառավարության կառուցվածքում, շուտով պարզ կլինի։ Այնուհանդերձ այս պահին դեռ հստակ չէ, թե օպտիմալացման ինչ տարբերակ կընտրվի՝ դա կիրականացվի աշխատակազմերի կրճատման ճանապարհո՞վ, ինչը մտադիր է անել նաեւ Ռուսաստանը, թե՞ գործադիր իշխանության առանձին կառույցների միաձուլման միջոցով, ցույց կտա ժամանակը։ Սակայն որ երկու դեպքում էլ օպտիմալացման ռեսուրսներ կան, անկասկած է։

Հայաստանում գործում է 18 նախարարություն եւ 6 առընթեր մարմին։ Առաջին հայացքից թվում է, թե դրանց թիվն այնքան էլ շատ չէ։ Սակայն մի բան ակնհայտ է՝ գործադիր իշխանության կառուցվածքում գործող տարբեր մարմիններ երբեմն կրկնում են իրար։

Այսպես։ Հայաստանում կա ինչպես էկոնոմիկայի, այնպես էլ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն։ Այս երկու գերատեսչություններն ըստ էության իրականացնում են նույն գործառույթը։ Տնտեսության ինտեգրման եւ բարեփոխումների խնդիրներով զբաղվում են ինչպես այդ նպատակով ստեղծված գերատեսչությունում, այնպես էլ էկոնոմիկայի նախարարությունում։

Այնպես որ, անհասկանալի է դրանց առանձին գործելու իմաստը։ Մի բան, որ ոչ միայն չի նպաստում, այլեւ երբեմն նույնիսկ խանգարում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը։ Արտաքին եւ ներքին տնտեսական խնդիրներով լիարժեք կարող է զբաղվել մեկ նախարարություն։ Այնպես, ինչպես նախկինում էր։

Ինչպես հայտնի է, տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն ստեղծվեց այն բանից հետո, երբ Հայաստանը անդամագրվեց Եվրասիական տնտեսական միությանը։ Անցած մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ այդ նախարարության ստեղծումն արդարացված չէ։ Պատահական չէ, որ մինչեւ այժմ էլ այն լիարժեք չի ձեւավորվել եւ ունի նախարարությանը ոչ հատուկ փոքր աշխատակազմ։ Տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը չունի նաեւ սեփական վարչական շենք եւ ստիպված է այն վարձակալել։

Սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունների գործառույթները եւս կարող են միավորվել մեկ կառույցում։ Սփյուռքի նախարարությունը, ինչպես հայտնի է, ստեղծվեց ավելի շուտ քաղաքական իրավիճակի հետեւանքով։

Գործունեության անցած 7-8 տարիների ընթացքում այս նախարարության իրականացրած հիմնական գործառույթը եղել է «Արի տուն» ծրագիրը։

 

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031