Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների հետ շփվելու ոճը

Հունվար 29,2016 10:00

Բանակի օրվա առթիվ միջոցառումների ժամանակ լրագրողների հետ անհաջող շփումներ ունեցան ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը: Այդ ֆոնի վրա, պետք է ասել, ավելի զուսպ էր եւ սառնասիրտ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Թե որքանով էր նա անկեղծ՝ ուրիշ հարց, բայց փաստ է, որ ինքնատիրապետումը նա չկորցրեց:
Այդ առումով ԱԱԾ պետի դեպքը ճիշտ հակառակ դրսեւորում էր՝ կարծես թե նա հենց սկզբից հակված էր կոպտել լրագրողներին: Իհարկե, Գորիկ Հակոբյանն իր ոլորտում պրոֆեսիոնալ է: Բայց լրատվամիջոցների քիչ թե շատ ազատության պարագայում՝ պաշտոնյայի ընդհանուր պրոֆեսիոնալիզմի մեջ մտնում է նաեւ լրագրողների հետ շփվելու հմտությունը: Պարտադիր չէ, որ պաշտոնյան անձամբ դրան տիրապետի, բայց նա պետք է իր կողքին ունենա լավ պատրաստված PR պատասխանատու, որը նրան որոշակի վարքագիծ կառաջարկի:

Ես, իհարկե, ինձ PR մասնագետ չեմ համարում, բայց կարող եմ հուշել, թե, իմ պատկերացմամբ, մոտավորապես ինչպես պետք է պաշտոնյան պատասխանի լրագրողների հարցերին: Եվ այսպես: Լրագրող. Ճի՞շտ է, որ Ձեր գերատեսչությունը միացնում են այլ գերատեսչության: Պաշտոնյա. Այս պահին նման հարց չի քննարկվում: Լրագրող. Ձեր պաշտոնավարությունը երկարաձգվելո՞ւ է: Պաշտոնյա. Ես նշանակովի պետական պաշտոնյա եմ, եւ այդ հարցը պետք է ուղղեք նրան, ով ինձ նշանակում է: Լրագրող. Ո՞ւմ եք Դուք տեսնում Ձեր պաշտոնին: Պաշտոնյա. Մեր համակարգում ծառայում են բազմաթիվ հրաշալի մասնագետներ եւ գործին նվիրված անձինք, եւ ես կարող եմ թվարկել առնվազն 10 մարդու անուն, որոնք կարող են ցանկացած պահի զբաղեցնել իմ պաշտոնը: Լրագրող. Դուք հավե՞րժ եք: Պաշտոնյա. Աշխարհում ոչ մի ֆիզիկական մարմին հավերժ չէ, այդ թվում՝ մենք ձեզ հետ միասին: Լրագրողը կցանկանա տալ նաեւ այլ հարցեր, ինչին պաշտոնյան կարող է պատասխանել. «Շնորհակալություն Ձեր հարցերի համար, բայց դրանք ոտքի վրա քննարկելու հարցեր չեն՝ մոտ ժամանակներս ես հանդես կգամ ասուլիսով եւ մանրամասն կանդրադառնամ ձեր բարձրացրած հարցերին»:
Մեր պաշտոնյաները սովոր չեն այս ոճով շփվել լրատվամիջոցների հետ: Անկախ նրանից, թե ինչ են ասում հրապարակավ, նրանք վստահ են, որ բոլոր լրագրողները «ոտի տակ ընկնող», «շառ անող», «պատվերով գրող» ինչ-որ կասկածելի անձնավորություններ են, որոնց անհասկանալի պատճառներով պետք է հանդուրժել: Բնականաբար, այդպիսի նախատրամադրվածությամբ ցանկացած հարց, որը պաշտոնյային տհաճ է թվում, նրա մեջ բուռն զայրույթ եւ նույնիսկ զզվանք է առաջացնում: Այնինչ պաշտոնյաներին տհաճություններ պատճառելը մեր՝ լրագրողներիս պարտականությունն է:

Մեկ այլ պաշտոնյա՝ Նավասարդ սրբազանը (Հայաստանում բարձրաստիճան հոգեւորականները, ցավոք, պաշտոնյաներ են, որովհետեւ սերտաճել են իշխանական համակարգի հետ) լրագրողին ասաց՝ «դու հանրության ներկայացուցիչ չես»: Նույնպես, իմ կարծիքով, սկզբունքորեն սխալ գնահատական է՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները հանրության ներկայացուցիչ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ճանաչենք մեր մեծերին շարքից՝
    Նավասարդ /Սամվել / Կճոյան
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4_%D5%A1%D6%80%D6%84%D5%A5%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AF%D5%B8%D5%BA%D5%B8%D5%BD_%D4%BF%D5%B3%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6
    Գորիկ Հակոբյան
    Ըստ հեղինակի՝
    ՛՛Իհարկե, Գորիկ Հակոբյանն իր ոլորտում պրոֆեսիոնալ է՛՛:
    Կուզենայի հարցնել, թե այդ ի՞նչ փաստերի հիման վրա է հեղինակը նման եզրակացության հանգել.
    – միգուցե Սիվիլիթասի գործո՞վ, երբ Վարդան Օսկանյանը ակնարկել էր իր թեկնածությունը առաջադրելու մասին, և ԱԱԾ-ն հարկայինի գործառույթները իր վրա վերցրած մեկուկես տարի փաստաթղթեր էր քրքրում, որն ի վերջո ավարտվեց ոչնչով,
    – կամ միգուցե հոկտեմբերի 27-ի սպանդն էր կանխարգելել, կամ պարզել պատվիրատուների ով լինելը,
    – կամ հանրաքվեին նախորդող Նորք-Մարաշի ՛՛մինչև ատամները զինված՛՛ հանցախմբի վնասազերծման օպերացիայի և դրա անվան տակ ՛՛իր շեֆի չուզողներին՛՛ անկապ ձերբակալություններն էին հիմնավորված…,
    չգիտեմ, սակայն էթիկայի հարցում Գորիկ Հակոբյանն անշուշտ առաջընթաց, կամ նույնիսկ թռիչք է արձանագրել. եթե նախկինում իրեն անհաճո հարց տվողներին անվանում էր ՛՛Ա՛յ ոչխար՛՛ ապա այժմ բավարավում է միայն անուղղակի զզվանք արտահայտելով: Առա՛ջ, Հայաստա՛ն:

  2. nona says:

    Երկնային ատյանի նվիրյալ, սրբազան Կճոյանին հորդորեք կրկին կարդալ Դեկամերոնը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031