Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վրաստանը եւ Ուկրաինան կողմ քվեարկեցին երկու հակահայկական զեկույցներին

Հունվար 29,2016 15:30

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ սա պատահականություն չէ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցը մերժվեց եւ հետ ուղարկվեց քաղաքական հարցերի հանձնաժողով, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվեց:

ԵԽԽՎ կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Ուոլթերի զեկույցին գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Սերբիան: Իսկ Միլիցա Մարկովիչի զեկույցին գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել վերոնշյալ երկրները եւ Ուկրաինան:

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վրաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումը պատահականություն չէ: «Սկսենք նրանից, որ հակամարտության մեջ ներգրավված Վրաստանի եւ Ուկրաինայի զգայունությունը մեր հակամարտության հարցով չափազանց բարձրացել էր, երբ մենք բոլորս Արեւելյան գործընկերության շրջանակներում էինք: Ի տարբերություն նախկին շրջանների, երբ Ուկրաինան եւ Մոլդովան ավելի ազատ էին զգում բանաձեւերին սատարել, պաշտպանել Ադրբեջանին, ապա Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափում հայտնվելը նրանց բավականին այլ դաշտ էր տեղափոխում: Իրենք արդեն շատ զգույշ էին դարձել Հայաստանի հետ կապված»:
Ըստ նրա՝ Հայաստանին եւ վերոնշյալ երկրներին իրարից բաժանեց Եվրասիական տնտեսական միությունը. «Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն, անշուշտ, ազդեցություն ունենում է նման քվեարկությունների վրա, երբ մենք բաժանարար գծի տարբեր կողմերում ենք: Երկրորդ պատճառն այն էր, որ Հայաստանը վերին աստիճանի անզգույշ գտնվեց հայ-ուկրաինական հարաբերությունների նկատմամբ: Խոսքը վերաբերում է Ղրիմի միջադեպին, ՄԱԿ-ի քվեարկությանը: Հայկական պատվիրակությունից թող որեւէ մեկը չնեղվի Ուկրաինայի պատվիրակությունից»:

EXXV
Ստյոպա Սաֆարյանը հարց է բարձրացնում, թե ի՞նչ էր սպասում Հայաստանի պատվիրակությունը, երբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի, գնում եւ ուկրաինական խնդրով սկսում է պաշտպանել Ռուսաստանին. «Դուք ի՞նչ եք պատկերացնում: Դրանից հետո ուկրաինացի պատգամավորը կամ նրա խմբակցության գործընկերը, որն արդեն ԵԽԽՎ-ում է, պաշտպանելո՞ւ է Հայաստանի դիրքորոշումը: Իհարկե՝ ոչ»:

Նրա կարծիքով՝ Հայաստանը Վրաստանի հակամարտության հարցում ավելի նրբանկատ է գտնվել, քան Ուկրաինայի. «Մենք չճանաչեցինք Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, բայց մեր երկրի որդեգրած ռուսամետ դիրքորոշումը, նրանց շահերի սպասարկումը տեղով արդեն խնդիր է, թիկունքում ռուսական շունչ են զգում: Բնական է, որ իրենք իրենց պաշտպանելու համար գործում են նման կերպ: Մարդիկ իրենց երկրի տեսանկյունից փորձում են բալանսներ պահել: Այս պարագայում նրանց քվեարկությունը հասկանալի է դառնում»:

Մեր հարցին, թե այս ամենից հետո Հայաստանն ի՞նչ դասեր պետք է քաղի, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Առաջինը. չի կարելի կիսիլյովների տեղակալներին ուղարկել Եվրոպա, առավել եւս՝ նրանց նշանակել պատվիրակության ղեկավար: ԵԽԽՎ փոխնախագահ դառնալով՝ ինքն իրեն ապահովագրեց, որ Սերժ Սարգսյանն աշխատանքից չազատի իրեն, քանի որ այդ դեպքում մեկնաբանություններ կլինեն, թե հազիվ ենք ստացել այդ պաշտոնը, թող աշխատի: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ պաշտոնն արժանիքների համար չեն տալիս: Դա կատարվում է ռոտացիոն սկզբունքով»:

Երկրորդ գործողությունն, ըստ Ստյոպա Սաֆարյանի, այն է, որ պետք է լինի պատվիրակության կազմի վերանայում. «Անգլերենի իմացությունը պարտադիր է, բայց բավարար չէ: Մարդը պետք է հստակ ասելիք ունենա եւ այն կարողանա ճիշտ փաթեթավորել ու տպավորություն թողնել, որ ինքն իր երկրի շահերն է հետապնդում, այլ ոչ թե Ասադի կամ Կրեմլի: Մարդկային ռեսուրսների առումով այս Ազգային ժողովն ավելի աղքատ է, քան նախորդը: Եղածների մեջ պետք է ընտրել նրանց, որոնք «ուտվում» են եվրոպացիների կողմից»:

Դասեր պետք է քաղեն նաեւ երկրի առաջին դեմքերը: Քաղաքագետը նշում է, որ նրանք պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը, քանի որ դա ազդում է պատգամավորների աշխատանքի վրա: «Եթե երկրի ընդհանուր ուղեգծերը սխալ են, այդ դեպքում ավելի դժվար է լինելու: Սարսանգի ջրամբարի զեկույցը Հայաստանի պատվիրակությունը միշտ զգալու է իր մաշկի վրա: Սա մնալու է որպես ԵԽԽՎ-ի պաշտոնական ձեւակերպված դիրքորոշում: Ես ինքս պատգամավոր եղած ժամանակ զգացել եմ այդպիսի զեկույցների ազդեցությունը»:

Հայաստանը ռազմավարության կոպիտ սխալ է թույլ տվել Սարսանգի ջրամբարի զեկույցի հարցով. «Ի սկզբանե որդեգրվեց շանտաժի մարտավարությունը: Ասում էին՝ փոխեք անունը, ոնց որ մենք ենք ուզում, նոր կմասնակցենք: Ով է եղել այս մարտավարության հեղինակը՝ պետք է վայր դնի իր լիազորությունները: Դրա արդյունքում Ղարաբաղին պարտադրվեց շատ կոշտ դիրքորոշում: Մենք հնարավորություն տվեցինք Ադրբեջանի հետ բավականին լավ հարաբերություններ ունեցող այդ պատգամավորներին արդարացնել իրենց զեկույցի անվանումը եւ Ղարաբաղ չայցելելը: Պատահական չէր, որ Միլիցան հայտարարեց, որ իրեն թույլ չեն տվել այցելել Ղարաբաղ»:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ նշեց, որ եթե զեկույցում կարող է գրվել, թե Ղարաբաղը միտումնավոր Ադրբեջանին զրկում է ջրից, «չէի՞ն կարող իրենք էլ ասել, որ Հայաստանի ամբողջ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանն իր դիպուկահարներով միտումնավոր չի թողնում գյուղացիներին իրենց բերքը հավաքել: Դա զեկույցի հեղինակին պետք է ասվեր»:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մեզանում շատերը խիստ զայրացած են ԵԽԽՎ-ի վերջին հակահայկական բանաձևերի քվեարկության ժամանակ ուկրաինացիների ու վրացիների դիրքորոշման հետ կապված: Վրացիների հարցը հետո կքննարկենք, հիմա կարծում եմ տեղին է ուկրաինացիների հարցը քննարկել: Ի՞նչ եք կարծում, եթե Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, որը բռնազավթել է այդ երկրի տարածքները, մահ ու ավեր է սփրում այդ երկրում, իսկ Հայաստանը այսօրվա դրությամբ դարձել է Ռուսաստանի խամաճիկ պետություն, ապա ուրիշ ի՞նչ դիրքորոշում պիտի ունենաին այդ ուկրաինացիները, մոռացել են երևի շատերը, որ Հայաստանը այն եզակի պետություններից էր, որ ՄԱԿ-ում պաշտպանեց Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, նույնիսկ ԵԱՏՄ անդամ Ղազախստանն ու Բելոռուսը չպաշտպանեցին դա: Ինչևէ, այս ամենը կարծում եմ այնքան էլ կարևոր չի, կարևորը այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցավ Մայդանը, ու հենց դա ահռելի նշանակություն ունեցավ նաև հայության համար, որովհետև եթե չլիներ այդ հեղափոխությունը Ուկրաինայում, ապա Մոսկվայի ծրագրերը կայսրության վերականգնման առումով իրականություն էին դառնալու, որը կհանգեցներ մեր պետականության վերջին փշրանքների լուծարմանը, որն էլ իր հերթին կբերեր հայության վերջնական վերացմանը: Բայց ուկրաինական հեղափոխությունը կանգնեցրեց կայսրության առաջխաղացումը, ու մենք պիտի շնորհակալ լինենք ուկրաինացի ժողովրդից, որոնց գերակշիռ մեծամասնությունը անգամ չի էլ պատկերացնում, որ իրենց պոռթկումը ուրիշ ազգերի, այդ թվում, նաև հայության համար փրկվելու հնարավորություն ստեղծեց: Ուրեմն եկեք հաջողություն մաղթենք ուկրաինացիներին, որ դուրս գան այս անցումային դժվար դրությունից, կառուցեն իսկապես ժողովրդավար ու բարգավաճ եվրոպական երկիր, որպեսզի Ռուսաստանի կայսերապաշտական ծրագրերը վերջնականապես հոդս ցնդեն, ու նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները, այդ թվում նաև ռուսաստանցիները, վերջապես առաջընթացի ու զարգացման հնարավորություն ունենան

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031