Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կամ իմ հետ ես, կամ ինձանից առանձին ապրելու իրավունք չունես»

Հունվար 29,2016 14:00

Սեպտեմբերի 27-ին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարում Արտակ Առաքելյանը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներով սպանել է նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին:

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին նիստն էր: Այն հետաձգվեց դատախազի՝ նիստին ներկա չլինելու պատճառով:

Դատարանի դահլիճում Հեղինեի քույրը՝ Քրիստինեն, քրոջը սպանած, ամբաստանյալ Արտակ Առաքելյանին տեսնելիս հազիվ զսպեց իր հուզմունքն ու զայրույթը, իսկ Առաքելյանը անհաղորդ ու սառը հայացքով լուռ լսում էր նախկին կնոջ քրոջ հուզական խոսքերը:

Հեղինեի սպանությանն առաջինը ականատես է եղել նրա ծանոթը՝ Սաթիկ Կիրակոսյանը, որն «Առավոտի» հետ զրույցում պատմեց՝ երբ անցնում էր Հեղինեի տաղավարի կողքով, նա գլուխը կախ կար էր անում, մի քանի տաղավարներով անցնելուց հետո Սաթիկ Կիրակոսյանը վերադարձել է Հեղինեի մոտ ու, իր խոսքերով ասած՝ ահասարսուռ, անմարդկային ձայներ է լսել. «Դուռը բաց էր, ահավոր խժոցներ լսեցի, անմարդկային ձայնով Հեղինեն գոռում էր, օգնություն էր կանչում: Երբ փորձեցի ներս մտնել, տեսա, որ էդ այլանդակը (նկատի ունի ամբաստանյալ Առաքելյանին-Ն. Բ.) մեջքով էր, Հեղինեն ընկած էր, դեմքով դեպի դուռը ու թեւերով պաշտպանվում էր: Սկզբում չէի նկատել, որ դա դանակով է, կարծում էի՝ ձեռքերով է խփում: Սկսեցի օգնություն կանչել, ասում էի՝ էս ով է, հասեք, սպանեց խեղճ աղջկան: Մեկ էլ որ չտեսա արյունը սելավի նման գցում էր, գոռացի՝ օգնեք, սպանեց, բայց մինչեւ եկան, դա արդեն սպանել էր: Տեսա, թե դա ոնց դուրս եկավ կրպակից, իր երակներն էլ փրթեց, դանակը շպրտեց ու գնաց խանութի մոտի մի անկյունում կանգնեց: Ահավոր էր: Եթե էդ կրպակի մոտի մարդիկ ավելի ուշադիր լինեին, սրտացավ, Հեղինեի՝ օգնություն կանչող ձայները շուտ լսեին, նրան չէր հասցնի սպանել, կփրկվեր»:
Սպանությունը կատարած Արտակ Առաքելյանը, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Հեղինեի քույրը, իր հանցանքը ներկայացրել է իբրեւ խանդի հողի վրա կատարված, իբր թե անհավատարմության քայլեր է նկատել նախկին կնոջ կողմից: Մինչդեռ, ըստ Հեղինեի քրոջ, դա իրականությանը չի համապատասխանում:

Քրիստինեի պատմելով՝ Արտակն ու Հեղինեն դեպքից 6 ամիս առաջ արդեն միասին չէին. «Ի՞նչ խանդ, ի՞նչ անհավատարմություն, սուտ է, չկա մեկը, որը կասի, որ քույրս կարող է անհավատարիմ լիներ: Արտակը պատճառաբանում է՝ իբր քույրս խանդի տեսարաններ է արել, ստում է, ինչ-որ Թուրքիա գնալու ու թուրքի պատմություն է բերում: Նրանք մի տարի առաջ, այն էլ միասին են գնացել Թուրքիա: Ինչո՞ւ Թուրքիան մի տարի հետո հիշեց»:
Քրիստինեի պատմելով՝ քրոջ 2 անչափահաս երեխաները հիմա մայրական տատիկի հետ են ապրում. «Հայրը փորձեր է արել տղայի հետ խոսի, իր կողմն անի, զանգում էր, բայց էրեխեն ասել է՝ ես հեր չունեմ, էլ չզանգես ինձ, էս համարը մոռացի»:

Հեղինեն եւ Արտակը մշտապես անհաշտ են եղել, Հեղինեն մի քանի անգամ չհանդուրժելով ամուսնու բռնությունները՝ լքել է նրան, եւ ինչպես պատմեց տուժողի իրավահաջորդի պաշտպան Սեդա Սաֆարյանը՝ Հեղինեն նախկին ամուսնու սպառնալիքների տակ ստիպված վերադարձել է նրա մոտ:

Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրական եզրակացությունում կատարված անհավատարմության պատճառով կատարված սպանություն ձեւակերպման հետ համաձայն չէ. «Անհավատարմության մասին որեւէ փաստ տվյալ նախաքննական մարմինը չի ունեցել, հարցաքննության ժամանակ ասել է, թե ազգությամբ ինչ-որ թուրքի է խանդել, բայց այդ թուրքը երբեք Հայաստան չի եկել, նրանց միջեւ որեւէ բան չի եղել, եթե, իհարկե, կա այդ թուրքը: Տարօրինակ է, որ նրանք միասին մի տարի առաջ են գնացել Թուրքիա, սակայն ամբաստանյալը թուրքին հիշել է մի տարի հետո: Ավելին ասեմ՝ 2015 թվականի ամռանը, երբ նրանց միջեւ հերթական վեճն է եղել, ոստիկանությունը Հեղինեից եւ Արտակից բացատրություն է վերցրել: Ամբաստանյալը երբեւէ իր բացատրության հիմքում չի դրել թուրքի հետ կապ ունենալու հանգամանքը. ընդհանուր ասել է՝ անհաշտ ենք, ինձ հետ չի ուզում ապրել, չի ուզում ընտանիքը միավորել: Ամբաստանյալի կողմից սպառնալիքներն ավելի վաղ են եղել, հարազատներն ասում են՝ ամեն անգամ, երբ Հեղինեն հեռացել է նրանից, Արտակը եկել է, սպառնացել՝ եթե չգաս՝ այս կանեմ, այն կանեմ, Հեղինեն էլ ասել է՝ ելք չունեմ, ու հետ է գնացել»:

Փաստաբան Սաֆարյանի կարծիքով՝ քրեական գործը թերի է, այն գրեթե ամբողջությամբ Արտակ Առաքելյանի ասածներով է կազմվել, չեն քննվել նախկինում տեղի ունեցած ամուսինների միջեւ միջադեպերը, բռնությունը:

«Երեխան պատմել է՝ պապան մամայի մազերից բռնած չգիտեմ ուր էր ուզում տաներ՝ քցեր: Նրանց հարաբերությունները միշտ լարված են եղել, մշտապես բռնապետական հարաբերություններ են եղել, ընտանեկան բռնություն է եղել»,- նշեց Սաֆարյանը: Նրա պատմելով՝ 2010 թվականին ամբաստանյալը Հեղինեին ծեծել էր, գործը ոստիկանություն էր հասել, սակայն նախաքննական մարմինը չի անդրադարձել 2010 թվականի այս դեպքին: Ընդ որում, 2010 թվականին, երբ Հեղինեն դիմել էր ոստիկանություն, գործը կարճվել է: Այս գործով, ինչպես ասաց Սեդա Սաֆարյանը, քննիչը պարտավոր էր դեպքի մասին մանրամասն լսել կողմերին: Հետո Հեղինեն էլի է դիմել ոստիկանություն, սակայն կինն այդպես էլ անպաշտպան է մնացել, ինչի արդյունքում նախկին ամուսնու կողմից զրկվեց կյանքից: «Ոստիկանը չի կարողացել գնահատել իրական իրավիճակը, պետք է քննչական մարմիններին ուղարկվեր գործը, պարզեին՝ որքան ռեալ էին Առաքելյանի սպառնալիքները: Պիտի հասկանային, որ դա ընդամենը կենցաղային վեճ չի եղել, հանցանքի տարրեր կային»,- ասաց Սաֆարյանը: Փաստաբանի խոսքերով՝ այնպես չէ, որ ամբաստանյալը մի օր վեր կացավ ու որոշեց իր ուզածը՝ հանցանքն անել. «Հավանաբար, գործել է՝ «կամ իմ հետ ես, կամ ինձանից առանձին ապրելու իրավունք չունես» սկզբունքը: Եվ այս սկզբունքով ապրելու արդյունքը եղավ Հեղինեի մահը»:

Այն, որ Արտակ Առաքելյանը փորձում է իր հանցանքն արդարացնել խանդի փաստարկմամբ, ինչպես նկատեց Սաֆարյանը, կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք:

Նշենք, որ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ 8-15 տարի ազատազրկում, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 235 հոդվածով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031