Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով, հակաբնապահպանական եւ հակասոցիալական ռիսկեր է պարունակում:
Հերթական անգամ ոտնձգություն է արվում մեր երկրի բնական հարստությունների նկատմամբ: Հայաստանում ջրային խնդիրներով շատ բնակավայրեր եւ տարածքներ կան, հանկարծ առաջնահերթություն է ստացել այս նախագիծը՝ տնտեսել տարեկան 500 միլիոն դրամ՝ Ազատ գետը չորացնելու հաշվին։ Կարելի է, չէ՞, նախ թեկուզ էլէներգիայի ծախսումով ջրարբիացնել շատ ու շատ չորային շրջաններ եւ կամ այդ ներդրումները ուղղել սահմանամերձ շրջաններ։
«Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը մի բուկլետ է ներկայացնում, որտեղ չկա նախագծի որեւէ լուրջ հիմնավորում, նախ նշված չեն նախագծի արժեքրը, ֆինանսավորման աղբյուրը, այդ խողովակաշարը շահագործողի անունը։ Մենք գիտենք, որ պետությունը վատ կառավարիչ է, եւ այդ կառույցը տրվելու է 90 տարով վարձակալության իրական պատվիրատուին, իսկ այդ միլիոնավոր դոլարների մարման բեռն ընկնելու է ժողովրդի ուսերին։
Այդ փաստաթղթերում կա մի բացարձակ սուտ՝ «միակ տարբերությունը ոռոգման եղանակն է լինելու՝ մեխանիկականին փոխարինելու է ինքնահոս համակարգը»։
Երբեք նույն բանը չէ, երբ ջրամբար են կառուցում, որ վարարումները կուտակվեն սակավաջուր ամիսների համար, եւ երբ խողովակաշարով գետից ջուր են վերցնում մինչ ջրամբարը ընկած հատվածից, այն էլ սակավաջուր ամիսներին։ Այսինքն՝ անգործության են մատնում այդքան արդյունավետ գործող ջրամբարը։
Կարդացեք նաև
Ի՞նչ է նշանակում, որ Գառնիի քայքայված ոռոգման համակարգի վերանորոգումը կապվում է այդ ծրագրի հետ։
Այդ փաստաթուղթը նախընտրական սուտ կեղծիք է հիշեցնում։ ԾԻԳ֊ը հանդես է գալիս որպես մեցենատ, բարեգործություններ է խոստանում, տուրիզմն է զարգացնում Գառնիում եւ այլն, եւ այլն։ Այստեղ չկա որեւէ գերակա պետական շահ։ Ազատ զետի ջրամբարը գտնվում է նշված 12 համայնքներից բարձր դիրքում, թող ինքնահոս տանեն ջրամբարից կամ 1 կիլոմետր ավելի խորքից, իսկ այդ նախագծով նախատեսվում է հենց Գառնու տաճարի մոտից 27,5 կմ խողովակաշար անցկացնել։ Եվ հետո նշվում է, որ ՀԷԿ չի կառուցվելու. զարմանք է առաջացնում այդ միտքը, ինչպիսի տնտեսվարություն։
Գառնիի եւ Արարատյան դաշտի ծովի մակարդակից բարձրության տարբերությունը մոտ 500 մետր է։ Այդպիսի ուժգնության հասնող ջրի դեմը առնելու համար երեւի թե պատնեշներ են կառուցելու։
Երբ Խոսրով Կոտակ թագավորը անտառ էր տնկում Դվինից մինչ Գառնի գետահովտի, այդ անտառը սնվում էր գետի ավազանի ներծծումներից։ Անտառը գազանաբար ոչնչացվել է, այժմ կտրված ծառերը սկսել են շիվեր տալ, որ առանց գետի նորմալ մակարդակի կչորանան։
Մեր երկրին ձեռնտու չէ, որ գետերը վերացվեն հանուն մասնավոր շահի։ Այս գետահովտում ամռան տապին հանգստանում են հազարավոր մեր քաղաքացիներ եւ զբոսաշրջիկներ։ Գետի գրավչությունը շատ կարեւոր է։
Երբ գնալով մաքուր ջուրը (քաղցրահամ) ստրատեգիական նշանակություն է ստանում՝ կապված երկրագնդի կլիմայական փոփոխությունների հետեւանքով այդ պաշարների նվազման հետ, արդյոք հաշվի առնվե՞լ է այս հանգամանքը, թե՞ գործ ունենք այդ քչացող ջրային պաշարների սեփականաշնորհման հետ։
Մեր աչքի առաջ գնալով պակասում են Ազատ գետի ջրերը՝ ջրբաժան լեռնազանգվածում հավերժական ձյան շերտի վերացումով պայմանավորված։ Գետը սնվում է հիմնականում այդ ձնհալներից գոյացած աղբյուրներով։ Գետի ջրահավաք ավազանից (Աժդահակից հարավ-արեւելք) տարբեր ծրագրերով ջրեր են տարվել, կառուցվել են ջրամբարներ բնապահպանական կասկածելի հիմնավորումներով։ Լիովին չորացել է Ազատ գետի Գեղարդ վտակը։ Առանց այս ոտնձգության էլ արդեն վտանգված է գետի էկոհամակարգը։
Օրերս տեղի ունեցան այս խնդրով հասարակական լսումներ Երեւանում, որտեղ Գառնիի գյուղապետը «իր մարդկանց հետ» հավանություն էր տալիս այդ խայտառակ ծրագրին։ Այդ բեմականացմանը մասնակից էին նաեւ Արարատյան դաշտից ջուր պահանջող մարդիկ։ Դա լուրջ չէ։ Գառնեցիները ջուր տալու կամ չտալու խնդիր չունեն։ Գետը պատկանում է հայաստանցիներին։ Գառնեցիների ըմբոստացումը կապված է այս խնդրին ավելի ծանոթ լինելու հետեւանքով առաջացած անվստահության հետ, եւ այդ անվստահությունը մեծ հիմքեր ունի՝ ինչպես նկատեցիք։ Գառնեցիների աչքի առաջ գետի ջրերի չափումներ անելիս գետ են բաց թողնված եղել Երեւան գնացող խմելու ջուրը, Գառնիի խմելու ջուրը եւ այլ հնարավոր ջրեր։
Մտավախություն կա, որ այդ «հզորները» խողովակի ջուրը կապահովեն Գառնիի ոռոգման ջրի հաշվին, իսկ որ գետը լիովին չորացնելու են՝ դրանում կասկած չկա։
Եթե այս ճակատում պարտվենք, շատ մոտ ապագայում մեր գետերը կհոսեն միմիայն մետաղյա խողովակներով, քանի որ մեզանում քիչ չեն նման մարդիկ, որոնք արդեն հաճույք են ստանում գետերը, աղբյուրները, սարեր-ձորերը զավթելուց։
ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2016