Լրահոս
Օրվա լրահոսը

Երիկամը վաճառելու համար տվել էր հայտարարություն, վաճառել, խաբվել

Հունվար 29,2016 13:00

Օրեր առաջ Ֆրանսիայի դեսպանատունը ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպել էր մի քննարկում, փոխնակ մայրերի խնդիրների թեմայով

Այնտեղ մասնագետները փորձում էին հստակեցնել, թե արդյոք, դա թրաֆիկինգի տարր չի՞ պարունակում իր մեջ, երբ հաճախ մարդուն տեղափոխում են այլ վայր, նրա մարմնի որեւէ մաս «վարձակալում», «գնում»:

Իրավաբանների մի մասը հղում էր կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածին՝ մարդու թրաֆիքինգին, համաձայն որի, հանցագործություն է «շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով»:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով նույնպես հանցագործություն է, քրեորեն պատժելի:

Հրապարակումից հետո արձագանքը չուշացավ:

Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Ա.Ա.-ի ի դիմումը:

Դիմումատուն հայտնել է, որ 2013 թ. ընտանիքում ծագել են ծանր ֆինանսական խնդիրներ: Այդ խնդիրները մեղմելու համար նա որոշել է վաճառել իր երիկամը:

Տվել է հայտարարություն: Հայտարարությանն արձագանքում է Է.Փ.-ն: Հնարավոր գնորդն էլ հայտնում է, թե հայրը տարիներ շարունակ բուժվում է Գերմանիայում եւ ունի երիկամի փոխպատվաստման խնդիր: Պայմանավորվածության համաձայն գնորդը պարտավորվում է վճարել 28.000 ԱՄՆ դոլար գումար: Նրանք նաեւ խոստանում են, որ կօգնեն Ա. Ա-ին առողջության հետ կապված խնդիրներ ծագելու դեպքում:

Քանի որ Ա.Ա-ն մեկ աչքի հույսին էր, տեսողության հետ կապված նրան խորհուրդ չեն տալիս հրաժարվել երիկամից:

Որքան էլ ծանր էր հրաժարվելը, նա այդ մասին հայտնում է Է.Փ-ին, նրա ընտանիքին:
Դիմումատուն հայտնում է, որ երիկամը գնող ընտանիքը սպառնում է, ասում է, որ գումարներ են ծախսել Գերմանիայում, սպասում են երիկամին, ուստի ստիպված նա մեկնում է Գերմանիա: Կատարվում է վիրահատությունը:

Իրենց հոր համար այլ անձից գնած երիկամի համար նրանք վճարում են 18.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 դոլար գումարը հրաժարվում են վճարել: Արարատցին խնդրում է գոնե աչքի վիրահատության գումարը, քանի որ տեսողությունը վատացել է, սակայն դրանից էլ են հրաժարվում:

Հարուցվում է քրեական գործ: Ուշագրավ է, որ այն կարճվում է ոչ ավել, ոչ պակաս սուտ մատնություն կատարելու հիմքով:

Իրեն տուժող համարող արարատցին Հատուկ քննչական ծառայության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քննիչները քննության առարկա չեն դարձրել իր «առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստը», իսկ դրա համար անհրաժեշտ էին մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ փորձաքննություն: Փորձաքննություն չի նշանակվել, չեն հարցաքննվել բժիշկները, մասնագետները:
Գերմանիայից չեն պահանջվել փոխպատվաստմանն առնչվող բոլոր բժշկական փաստաթղթերը, միեւնույն ժամանակ, կատարվածին չի տրվել իրավական գնահատական մարդու օրգանների առք եւ վաճառքի արգելման մասին օրենքի համատեքստում:
Դիմումատուն պահանջում է պատասխանատվության ենթարկել այն քննիչներին, որոնք թաքցրել են իրականում կատարվածը, եւ քննությունն անցկացրել են իր դեմ՝ մեղադրական թեքում տալով դրան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031