Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանը մերժվեց ՄԻԵԴ-ից՝ «ձեւով» վերին, «բովանդակությամբ»՝ վերջին եվրոատյանի «աջով»

Հունվար 29,2016 12:30

«Մաշտոց» հասարակական նախաձեռնության անդամ, հրապարակագիր, լեզվաբան Գարեգին Ղազարյանը 2013թ. դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Գարեգին Ղազարյանը 2002-2004 թթ. մշտապես բնակվել եւ աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, իսկ 2007թ.-ին դիմել էր ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար, սակայն նրան չեն գրանցել: Դա էլ եղել է պատճառ, որ դիմեր հայրենի դատական ատյան եւ սպառելով բոլոր ներպետական հնարավորությունները՝ դիմեր ՄԻԵԴ:

Հայկական լրատվամիջոցներից մեկում Գ.Ղազարյանը հարցազրույց էր տվել՝ «Քոչարյանին կարելի էր, իրեն՝ ոչ» 2013 թ. հունվարի 12-ի հրապարակման մեջ անդրադարձել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանին, ում որոշմամբ մերժվել էր նրա դիմումը՝ իր՝ վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:

Գ. Ղազարյանը ՄԻԵԴ-ի քարտուղարությունից, ինչպես ինքն է ասում, «հոռեհամբավ» Արա Շահզադեյանի «օտարատառ ու պարզապես սխալ ստորագրությամբ» եւ ՄԻԵԴ «լիազորված» բաժնից՝ «անստորագիր», ստացել է պատասխան իր դիմումը չքննարկելու վերաբերյալ:

«Պատճառաբանությունն» անհեթեթ է՝ ոչինչ չհիմնավորող, «մերժման շաբլոնի» հերթապահ չարաշահմամբ, իսկ բուն պատճառներն ի սկզբանե էլ բոլոր նրբառումներով թափանցիկ էին ու անգամ կանխատեսելի: Բողոքիս առանցքում ներպետական համակարգի կողմից իմ նկատմամբ կիրառված բազմաթիվ ապօրինություններն էին, ի հավելումն, որոնց՝ կոպտորեն ոտնահարվել էին նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի եւ համապատասխան արձանագրությունների մի ամբողջ շարք նորմեր, այդ թվում՝ մարդու իրավունքները հարգելու պարտականությունը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, իրավունքների չարաշահման արգելումը, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները, խտրականության արգելումը… Շեշտը, անշուշտ, դրել էի հատուկ նշանակության «VIP-նմուշների» վրա, որոնք առավել ցցուն ու աղաղակող պիտի դարձնեին առանց այդ էլ ակնզարն խտրականությունը»,- «Առավոտին» ասաց Գ. Ղազարյանը:

Ըստ նրա, եթե Սերժ Սարգսյանը, մշտապես բնակվելով Լեռնային Ղարաբաղում, 1990թ. գրանցվել, ստացել է Հայկական ԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմնի անդամի թեկնածուի կարգավիճակ եւ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ նույն արցախյան «9-րդ ալիքի վրա», Լեռնային Ղարաբաղում մշտապես բնակվելով հանդերձ, նույնիսկ 2 անգամ է համանմանորեն գրանցվել եւ ընտրվել Հայկական ԽՍՀ տարբեր գումարումների Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր, ապա ինքը ստիպված լինելով 2002-2004 թթ. մշտապես բնակվել, աշխատել ԼՂՀ ազատագրված Քաշաթաղի շրջանում, 2 անգամ զրկվել է նույնատեսակ տեղեկանքներից: Մասնավորապես, 2007 թ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար:

«Այժմ էլ ձախավեր մերժման եմ արժանանում իմ բազմախախտ իրավունքները պաշտպանելուն գոնե անվանապես կոչված՝ «ձեւով վերին», բովանդակությամբ՝ վերջին եվրոատյանի «աջով»,- ասում է նա:

Լեզվաբանը դիմել էր նաեւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության գրասենյակին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031