Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության օրոք հրատարակչությունը չի կարելի դիտել իբրեւ բիզնես»

Հունվար 29,2016 12:00

«Անտարես» գրահրատարակչության
տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ մշակույթ ստեղծելու խթանի մասին

«Առավոտի» հետ հանդիպման սկզբում «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ 2015թ. Հայաստանում ծանր պայքարի եւ պարտությունների տարի էր: Խոսքը պետության եւ հասարակության մասին է: Ռեպլիկին՝ թե ի՞նչ պարտություններ նկատի ունի, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ազնիվ մարդիկ գիտեն ինչի մասին է խոսքը»: Հույս հայտնեց նաեւ, որ իհարկե կան առողջ դատող մարդիկ, որոնք արագ կուսումնասիրեն պարտություններից հետո ստեղծված վիճակը ու կշտկեն հետագա պայքարի ռազմավարությունը:

Անդրադառնալով գրահրատարակչության ոլորտին, պարոն Մարտիրոսյանն ասաց. «2015թ. բեղմնավոր տարի էր, բայց դա չի վերաբերում փողին, այլ զուտ մշակութային եւ գրական արժեքներին: Միայն «Անտարեսը» ավելի քան 150 անուն գիրք է հրատարակել, այդ թվում՝ հանրագիտարաններ, նոր թարգմանություններ՝ ինչպես գեղարվեստական գրականության ոլորտում, այնպես էլ այլ ժանրերում»: Դիտարկմանը՝ փաստորեն աշխատել են վնասով, հետեւաբար ինչու են այդքան անուն գիրք հրատարակել, տնօրենը պատասխանեց. «Իմիջիայլոց, այս հարցը բարձրացնում է նաեւ գրականամերձ հասարակությունը: Իսկապես, եթե շահույթ չունենք, ինչի՞ ենք հրատարակում ու հրատարակում: Մենք էլ պատասխանում ենք՝ կոնկրետ «Անտարեսը» հիմնադրվեց 1992թ., երբ Հայաստանում մի կողմից պատերազմ էր, մյուս կողմից՝ բուն պետականաշինություն: Բայց ամենակարեւորը՝ ժողովուրդն ու իշխանությունը համախմբված էր եւ համերաշխ: Բացարձակ մութ Հանրապետության հրապարակում մի լույս կար վառվող, հեռվից էլ լսվում էր «դվիժոկի» ձայնը, ու դու գիտեիր, որ երկրիդ վարչապետը նույն պայմաններում է աշխատում ու ապրում, ինչ որ դու: Բնականաբար, այս փաստը իսկապես մեծ էներգիայի եւ անսպառ հավատի աղբյուր էր:

Հետո էլ անընդմեջ մտածում էիր, սրում միտքդ, թե ի՞նչ է Հայաստանին անհրաժեշտ… Եվ այդ անհրաժեշտության մի մասը համաշխարհային գրականության լավագույն նմուշների հայերեն չմիջնորդավորված թարգմանությունն էր: Իհարկե, նաեւ մեր բնագավառում ինստիտուտների հիմնումը, կարճ ասած՝ հայերենով մշակույթ ստեղծելու խթանը»:
Զրույցի ընթացքում Արմեն Մարտիրոսյանը քանիցս նշեց, որ տարիներ անց, կոնկրետ իր խոսքերով՝ 1998-ից մինչ օրս գրագետ մարդիկ Հայաստանից հեռանում են, իսկ իշխանության մեջ գրագիտությունը, մշակույթի եւ կրթության կարեւորման գնահատումը պակասում է: Ասվածին մեր զրուցակիցը բերեց հետեւյալ փաստը. «Եթե խորհրդային տարիներին մեկ անուն գրքից տարեկան վաճառվում էր 50 հազար օրինակ, ապա այսօր՝ ընդամենը 40 օրինակ: Ընդ որում, այս թվի մեջ նաեւ էլեկտրոնային գրքերի քանակն է»:
Արմեն Մարտիրոսյանին փոխանցեցինք ստեղծված այն կարծիքը, թե կոնկրետ գրահրատարակչության ղեկավարը բիզնեսմեն է: Նա համակարծիք չլինելով, հայտնեց հետեւյալը. «Մերօրյա Հայաստանում հրատարակչությունը բիզնես չի կարող լինել: Այն ընկերությունները, որոնք ինչ-որ սխեմաների շնորհիվ պետությունից ստանում են գիրք տպագրելու պատվեր, դրանք գրահրատարակչություններ չեն, ընդամենը խմբագրություններ են: Հրատարակիչը իր հայթայթած գումարով է ռիսկի դիմում: Պետք է մի բան գիտենալ. Հայաստանում այս պայմաններում, այս իշխանության օրոք հրատարակչությանը չի կարելի դիտել իբրեւ բիզնես, տնօրենին էլ՝ բիզնեսմեն»:

Հարցին, թե ելնելով պատասխանից ի՞նչ է առաջարկում ինքը՝ հրատարակիչը, պարոն Մարտիրոսյանը նախ նշեց, թե պետք է իրականացնել կապիտալի տրանսֆորմացիա, հետո էլ մանրամասնեց. «Մերօրյա գործարարները, այո, փող են աշխատում, ձեռք են բերում իրենց երկրորդ կամ հիսուներորդ շքեղ մեքենան, դղյակ եւ այլն, այնինչ Մեդիչիների ընտանիքը, ինչու միայն նրանք, այլ մեր Գյուլբենկյանը, Մանթաշովը, Արամյանցը եւ էլի մեկ-երկուսը, այլ բիզնեսից ստացված կապիտալը տրանսֆորմացնում էին գիտելիքի, մշակույթի ու կրթության: Մենք շքեղ մեքենաների փոխարեն գիրք ենք ստեղծում»,- հավաստիացնում է մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը, թե կհրապարակի՞ մերօրյա գոնե մեկ «Մանթաշովի» անուն, Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնեց ընդամենը Ռուբեն Վարդանյան անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Էլի գնաց գովազդը…. Հոգնեցինք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031