Ցանկացած հոդային խնդիր` ռեւմատիզմ չէ
Շատերը կան, որ ցանկացած հոդային խնդրի դեպքում «ախտորոշում» են ռեւմատիզմ: Մինչդեռ կան ավելի քան 200 հիվանդություններ, որոնց դեպքում առկա է հոդացավ:
Մասնագետները նշում են, որ հնարավոր է մարդը սթրեսային ցնցում ապրի, ու նրա մոտ զարգանա հիվանդությունը: Սակայն կարեւոր է նաեւ մարդու գենետիկ նախատրամադրվածությունը, որը պարտադիր գործոն է հիվանդության զարգացման համար:
Ռեւմատիզմը հաճախ առաջանում է մանկական կամ երիտասարդ տարիքում եւ բնորոշվում է սրտի ախտահարման բորբոքային փոփոխություններով եւ նշաններով։
Ռեւմատիզմի պատճառը երբեմն կարող է անգինայից հետո զարգացող պաթոլոգիա դառնալ, բուն հարուցիչը բետտա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է: Այդ է պատճառը, որ անգինայից 2 շաբաթ հետո մարդու մոտ հնարավոր է առաջանա հոդացավ, հոդաբորբ, ջերմություն: Այդ ամենը կանխելու համար նշանակվում են հակաբիոտիկներ, որն էլ բացառվում կամ նվազագույնի է հասցնում ռեւմատիզմի հավանականությունը:
Հոդացավի, գոտկատեղի ցավերի դեպքում ժողովրդական բժշկությունը բազում տարբերակներ է առաջարկում: Լավ է օգնում հետեւյալ խառնուրդը. երեք բաժին ամսաբողկի հյութ, երկու բաժին մեղր, մեկ բաժին օղի, աղ (0,5 կգ խառնուրդին 1 ճաշի գդալ), լավ խառնել։ Քնելուց առաջ խառնուրդը տրորելով քսել հիվանդ մասերին։
Հոդերի ցավի դեպքում օգտակար է նաեւ 50 գրամ հալվեի հյութին խառնել 100 գրամ մեղր եւ 150 գրամ օղի։ Օգտագործել թրջոցի ձեւով։
Ընկույզներով կատարվող ճապոնական մերսումը զարգացնում է ձեռքերի ճկունությունը, ամրացնում հոդերը, բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։
Ամեն օր կատարեք այս վարժությունները, մինչեւ ձեռքերը թեթեւակի կարմրեն եւ առաջանա տաքության զգացում։
Յուրաքանչյուր ձեռքի մեջ վերցրեք երկուական հաստակեղեւ ընկույզ եւ միաժամանակ ուժեղ սեղմելով` գլորեք ափի մեջ։
Չորս ընկույզ դրեք ձախ ձեռքի ափի վրա, իսկ մյուս ձեռքով գլորեք դրանք` սեղմելով ձեռքի ափով` սկզբում ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետեւ հակառակ։ Նույնը կրկնեք փոխելով ձեռքերի դիրքը։
Դափնետերեւը օգտագործվում է նաեւ որպես դեղամիջոց հոդացավերի դեպքում. 5 գրամ դափնետերեւը լցնել 300 միլիգրամ ջրի մեջ ու եռացնել հինգ րոպե, որից հետո թերմոսում թրմել։ Լուծույթը լցնել բաժակի մեջ ու խմել փոքր կումերով 12 ժամվա ընթացքում (ամբողջը միանգամից չի կարելի)։ Ընդունել երեք օր անընդմեջ։ Մեկ շաբաթ ընդմիջել, ապա կրկնել մինչեւ ապաքինվելը։
Հոդային ռեւմատիզմի դեպքում օգտակար է հետեւյալ թարմ քամած հյութերի խառնուրդը.
ա) Նեխուրի հյութ` 1/4 մաս եւ գազարի հյութ` 3/4 մաս։
բ) Իրար խառնել հավասար քանակությամբ կիտրոնի, նեխուրի, գազարի, սպանախի հյութերը։ Ընդունել մինչեւ ուտելը։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.01.2016