Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԸ

Հունվար 29,2016 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնյոթերորդ

ՆԿԱՐԸ

Եվ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համենայն դեպս, իմ համար էս քավորի մարդկային  տեսակը լրիվ նորություն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝  «աշխարհում ոչ մի նորություն չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն ինչ կրկնվում ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ամեն ինչ կրկնվում ա, ճիշտ ա, բայց ձեր էս քավորը լրիվ նորություն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ինձ ասաց՝ «բայց դու իրան վաբշե չես ճանաչում», եւ ես ասացի՝ քո պատմածով եմ ասում», եւ Վարուժը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «բայց ես էլ իրան կարգին չեմ ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու  ավելացրեց՝ «վերջերս եմ իմացել, որ ինքը «Շիրակի մեղեդիների» քավորն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ իմացել ես, պատկերացնում եմ՝ ինչքան ես զարմացել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես վաղուց ոչ մի բանի վրա չեմ զարմանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ձեր էս քավորի վրա հնարավոր չի չզարմանալ», եւ Վարուժը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց դու իրանից ավելի զարմանալի մարդ ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչո՞վ եմ զարմանալի», եւ Վարուժը թարս նայեց ինձ ու վրդովված ասաց՝ «չես հասկանում, որ խանգարում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ն  եմ խանգարում», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «մի գլուխ խոսում ու ուշադրությանս  շեղում ես. չես թողնում նկարեմ», եւ ես զարմացած ասացի՝ «դու միշտ էլ խոսալով ես նկարում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ վախտ հետաքրքիր բաներից ենք  խոսում», եւ ես զարմացած հարցրի՝ «քավորն անհետաքրքիր ա՞», եւ Վարուժը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «Աբոյից խոսացինք՝ պրծանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն էն մարդը չի, որ օրերով իրա մասին խոսանք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրա թեման դու բացեցիր», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կրակը չընկա, որ բացեցի», եւ ես նայեցի նկարակալի վրա դրված կտավին ու ասացի՝ «իզուր էլ դժգոհում ես. շատ ուժեղ նկար ա ստացվել», եւ Վարուժն ապշահար նայեց ինձ ու ասաց՝ «ես էս նկարը հեչ չեմ էլ սկսել», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նկարը լրիվ ավարտված նկար ա», եւ Վարուժն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Վարուժն ապշահար նախ ինձ նայեց, հետո նայեց նկարին ու ասաց՝ «ախր էս նկարը հեչ  չեմ էլ սկսել», եւ ես հիացած նայեցի նկարին ու ասացի՝ «էս քո լավագույն նկարն ա», եւ Վարուժը կասկածանքով նայեց ինձ ու խեղճացած ասաց՝ «ախր էս նկարը նոր պիտի սկսեմ», եւ ես հիացած նայեցի նկարին ու ասացի՝ «լրիվ ավարտված նկար ա» եւ մի քիչ մտածեցի ու կրկնեցի՝ «էս քո լավագույն նկարն ա», եւ Վարուժը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «համ ձեռ ես առնում, համ էլ վիրավորում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եմ վիրավորում», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ շատ նագլի ձեւով» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էս նույնն ա, որ դու ինձ մի հատ դատարկ թուղթ ցույց տաս, ու ես ասեմ՝ էդ քո լավագույն բանաստեղծությունն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իզուր ես էս հրաշք նկարը դատարկ թղթի հետ համեմատում», եւ Վարուժը նեղսրտած հարցրեց՝ «բա ինչի՞ հետ համեմատեմ» եւ մի քիչ մտածեց  ու նեղսրտած ավելացրեց՝ «էս նկարն իսկական չգրված թուղթ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու կտավին նայելով ասաց՝ «ամոթ էլ ա, որ էս դատարկությունը նկար ենք անվանում», եւ ես ժպտալով ասացի՝ «էս նկարին մենակ վերնագիրն էր պակասում, վերնագիրն էլ գտնվեց», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վերնագիր. վերնագիր էլ ե՞ս դրել», եւ ես ժպտալով ասացի՝ «վերնագիրը հենց նոր դու դրիր», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ վերնագիր եմ դրել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Դատարկ թուղթը», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էս նկարին լրիվ ուրիշ վերնագիր կդնեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ վերնագիր կդնեիր», եւ Վարուժը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Շիրակի մեղեդիները», եւ ես հիացած ասացի՝ «դու վերնագրի մեծ վարպետ ես», եւ Վարուժը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզում ես ասես՝ նկարելու իմաստով վարպետ չե՞մ», եւ ես ասացի՝ «նկարելու իմաստով ավելի մեծ վարպետ ես» եւ մի քիչ  մտածեցի ու  ժպտալով ավելացրի՝ «էս նկարդ դրա ամենաթարմ վկայությունն ա», եւ Վարուժը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «սպասում եմ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն ես սպասում», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «սպասում եմ տենամ՝ ինչքա՞ն ես շարունակելու ինձ ձեռ առնես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞վ ա քեզ ձեռ առել», եւ Վարուժն ասաց՝ «էս նկարի մասին ասածներդ ձեռ առնելուց էլ բեթար են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս հեչ նկար էլ չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ա», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «ընդամենը էսքիզ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, հեչ էսքիզ էլ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «լրիվ ուրիշ բան էի նկարելու, բայց մեխանիկորեն՝ անկախ ինձանից էս կոնտուրներն առաջացան», եւ ես հիացած նայեցի նկարին ու ասացի՝ «չտեսնված կոնտուրներ են» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «վերջնական ու ավարտված», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ավարտված նկարը  հաճույքով քեզ կնվիրեի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031