Աշխարհում Հայաստանի լրատվամիջոցներից ազատ լրատվամիջոցներ գոյություն չունեն: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Ում, երբ ինչ ասես ասում են՝ անկախ նրանից՝ ճիշտ է, թե՝ սխալ: Դրանից մեծ ազատություն էլ չգիտեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցին:
Հիշեցնենք, որ ըստ զեկույցի, Հայաստանը 2015-ին ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ անազատ լրատվամիջոցներով եւ ազատ ինտերնետով:
«Չգիտեմ՝ ինչ է ասել Freedom House-ը, համենայնդեպս, ես նրանց արձանագրած տվյալների հետ համաձայն չեմ, մեզ մոտ լրատվամիջոցները շատ ազատ են, որեւէ լրատվամիջոցի նկատմամբ ճնշում չեմ նկատել»,- կարծիք հայտնեց Սուքիաս Ավետիսյանը:
Նա Հայաստանն էլ մասամբ ազատ երկիր չի համարում, առավել եւս Ռուսաստանի կողմից ճնշված ու Ռուսաստանի վատ ազդեցության տակ գտնվող. «Չեմ հասկանում՝ ինչ ճնշման մասին է խոսքը, մենք ընդամենը Ռուսաստանի հետ նույն տնտեսական, ռազմաքաղաքական դաշտում ենք, ՀԱՊԿ-ի անդամ: Կան համապատասխան համաձայնագրեր ու որեւէ ճնշում կամ բացասական ազդեցություն չկա: Թող իզուր տեղը նման կարծիքներ չհայտնեն: Բնական է, որ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելու հանգամանքով են արդարացնելու Ռուսաստանի ճնշում, վատ ազդեցություն ձեւակերպումները:
Կարդացեք նաև
Եթե Հայաստանը ԵՄ-ը նախընտրած լիներ, այդ մասամբ անազատը չէր լինի, կլիներ մեկ այլ ձեւակերպում: Այդ գնահատականներն ավելի շատ աշխարհաքաղաքական խաղերի արդյունք է, քան ռեալ փաստարկների վրա հիմնված հետազոտություն: Օբյեկտիվ կարծիքներ չեմ համարում: Եթե այդ կազմակերպության գնահատականները կլինեն փաստացի, հիմնավորված հաշվի կառնենք, կմտահոգվենք, բայց եթե հիմնավորումներ չկան ու միայն պայմանավորում են այն հանգամանքով, որ Հայաստանը նախընտրեց ԵՏՄ-ն եւ ոչ ԵՄ-ը, ուրեմն Ռուսաստանի վատ ազդեցության, ճնշումների տակ են, դա հիմնավորում չէ, որ մեր երկրում անազատություն է, լրատվամիջոցներին էլ ճնշում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ