Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է»

Հունվար 28,2016 21:30

ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր քննարկել է միացյալ երկու զեկույց՝ «Ամրացնել  իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունն ու  դերը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, ինչպես նաեւ՝ զեկույց, որը վերաբերում էր հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհարկի միջամտություններին։ Նշյալ երկու զեկույցների հեղինակներն անդրադարձել են ԵԽ անդամ երկրներում եւ հատկապես Ադրբեջանում իրավապաշտպանների  իրավունքների ոտնահարմանը եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող օրենսդրությանը։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս իր ելույթում անդրադարձել է նշյալ խնդիրներին։

Իր ելույթում ԲՀԿ պատգամավորն ասել է՝

«Զեկույցները, որոնք ներկայացված են մեր գործընկերներ Մեյլիս Ռեպսի եւ  Իվ Կրուխտենի  կողմից՝ անդրադառնում են  ԵԽ անդամ որոշ երկրներում առկա լրջագույն հիմնախնդիրների՝ իրավապաշտպանների  իրավունքների պաշտպանության  եւ հասարակական կազմակերպությունների գործունեության լրջագույն խնդիրներին։ Այո,  ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում,  այդ թվում նաեւ իմ երկրում, կան մարդու իրավունքների խախտման հետ կապված  խնդիրներ եւ մենք  պատրաստ ենք դրանք բաց ու հրապարակային քննարկել։ Սակայն, մեր կառույցում կա մի երկիր, որը բացառիկ է մարդու իրավունքների հանդեպ դրսեւորած իր ցինիզմով։ Դա Ադրբեջանն է,  որտեղ մարդու իրավունքի, խոսքի ազատության մասին խոսելը հավասարազոր է Դանիել  Խարմսի հումորեսկներին։ Ադրբեջանում իրավապաշտպան եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը հավասարազոր է մահապարտության։

Այն սահմանափակումները, որ դրվում են հասարակական կազմակերպությունների առաջ՝ օրինական գրանցում ստանալու համար,  նման է մի ամբողջ Գողգոթա անցնելուն։ Հասարակական կազմակերպությունները, գրանցում ստանալու համար, պետք է փաստեր ներկայացնեն,  որ իրենք, խնդրում եմ ուշադրություն՝  հարգում են Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները։ Մինչդեռ, ադրբեջանական «ազգային բարոյական արժեքների հարգումը» խիստ կասկածելի հասկացություն է. օրինակ, երբ ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնահարեց  հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա  Սուլեյմանովան հայտարարեց, որ դա  հայրենասիրության օրինակ է երիտասարդության համար։ Ահա սա է Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը։  Ադրբեջանում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում եւ ուղարկվում են բանտ միայն նրա համար,  որ չեն ցանկանում դառնալ ռեժիմի ստրուկը։ Հիշենք Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Խաջիդա Իզմայիլովային, Իլգար Մամադովին, ով դանդաղ մահվան է դատապարտված ադրբեջանական բանտում եւ տասնյակ  այլ քաղբանտարկյալների։

Այո, դուք իրավացի եք, տիկին Ռեպս. ադրբեջանցի իրավապաշտպաններին կեղծ  մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում հալածանքների, խոշտանգումների, նրանց սպանում են։  Ու այդ ամենը արվում է ադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ։ Իսկ դա նշանակում է, որ որեւէ հասարակական  կազմակերպություն, որեւէ իրավապաշտպան, որեւէ քաղաքացիական ակտիվիստ չի կարող գործել նման «բարոյականության» շրջանակում, եւ ի սկզբանե դատապարտված է դառնալու Ալիեւի ռեժիմի թշնամին։ Իսկ թե ի՞նչ է լինում Ալիեւի ռեժիմի թշնամիների հետ՝ հարցրեք Իլգար Մամադովին. նա դեռ ողջ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031