«Մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի: Դրա համար մենք միջնորդել էինք, որ մեր մասով առանձնացվի, առանձին վարույթ լինի մեր մասով, եւ այդ կերպ մենք մեր առարկությունները ներկայացնենք: Բայց մերժվել է այդ միջնորդությունը: Խնդիր չկա, հայցադիմումի պատասխանը ներկայացված է, թող այդպես քննվի»,- այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ բերված քաղաքացիական հայցով նոր զարգացումներին, ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան իր վերաբերյալ տարածված զրպարտությունները հերքելու պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի դեմ՝ պահանջելով իր պատիվն, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում եւ փոխհատուցում՝ 7,000,000 միլիոն դրամի չափով:
Օվսյաննիկովան անցած տարի մասնակցել էր Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցին: Նա ոստիկաններին կոչ էր արել զերծ մնալ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելուց: Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն Օվսյանիկովային մեղադրել էր սադրանքներ կատարելու եւ ոստիկաններին սեռական հարաբերություններ առաջարկելու մեջ, իսկ Հունան Պողոսյանն պահանջել էր Օվսյաննիկովային՝ հեռանալ տարածքից, որովհետեւ «իր ոստիկանները սեռապես անբավարարված են եւ գրգռվում են նրա ներկայությունից»: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր Ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Ելենայի ներկայությունը Բաղրամյանում «պրովոկացիա էր», իսկ նրա վրայից ոգելից խմիչքի հոտ էր փչում:
Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված վարույթն առանձնացնելու մասին եւ պնդել էր, որ ոստիկաններն ու Էդմոն Մարուքյանը տարբեր պատճառներով են եղել Բաղրամյանի պողոտայում: Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ հայցվոր կողմի ներկայացրած պահանջները միավորում է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի շղթան:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Տիգրան Եգորյանի այս հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ չի կիսում այդ մոտեցումը. «Գիտեք, ես էլ եմ փաստաբան եւ պալատի անդամ: Այդ մոտեցումը չեմ կիսում, այլ դրա տակ լուրջ նպատակային բան եմ տեսնում, որ այդպես արվի: Խնդիր չկա, թող այդպես չքննվի»:
Ելենա Օվսյաննիկովան երեկ հայտարարել է, որ Էդմոն Մարուքյանը չի ցանկանում ոստիկանների հետ մի հարթության վրա գտնվել եւ այդ պատճառով է նման միջնորդություն ներկայացրել: «Մեր միջնորդության մեջ նման բան չկա գրված: Ես ասացի, թե ինչի համար է միջնորդությունը: Եթե իմ դեմ քաղաքացիական հայց կա, դա պետք է առանձին քննվի: Եվ չպետք է ընդհանրական մի քանի պատասխանողներ լինեն, որոնց գործողություններն ընդհանրապես իրար հետ կապ չունեն»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ